Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ ՀՀ կառավարության կողմից Լիբանանի կառավարությանն օժանդակություն ցուցաբերելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ:
«Այս պահին պլանավորված է երեք ինքնաթիռի թռիչք: Երեքն էլ հումանիտար աջակցություն է լինելու՝ դեղորայք, սնունդ»,- նշել է վարչապետ Փաշինյանը:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը զեկուցել է, որ առաջին թռիչքը պլանավորված է շաբաթ օրը երեկոյան՝ ժամը 21:00-ին, որի հիմնական նպատակն է լինելու առաջին հերթին դեղորայքային աջակցություն ցուցաբերելը:
«Հաջորդ թռիչքը նախատեսվում է իրականացնել օգոստոսի 11-ին, ևս մեկ թռիչք կիրականացվի կրկին հաջորդ շաբաթվա ընթացքում: Ներկայումս ընթանում է ապրանքների հավաքագրման գործընթացը: Կարծում ենք՝ առաջին թռիչքով ունենալու ենք մինչև 12 տոննա բեռ, որը պետք է տեղափոխվի Լիբանան»,- նշել է Տիգրան Ավինյանը:
Լիբանան են այցելելու Հայաստանի Հանրապետության կառավարության, Ազգային ժողովի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչները, որպեսզի տեղում ծանոթանան իրավիճակին, ինչպես նաև Լիբանանի կառավարության և տեղի հայ համայնքի հետ հանդիպումների արդյունքում հստակեցնեն, թե այլ ինչ միջոցների կարիք կա ինչպես Լիբանանի կառավարությանը, այնպես էլ տեղի հայ համայնքին աջակցելու համար:
Այնուհետև քննարկվել են աշխատանքների կազմակերպմանն ու համակարգմանը վերաբերող հարցեր: