Արաբական Միացյալ Էմիրությունները էներգակիրների արտահանման և առևտրի այլընտրանքային ուղիներ է զարգացնում՝ Իրանի հետ շարունակվող պատերազմի պայմաններում Հորմուզի նեղուցից կախվածությունը նվազեցնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է ԱՄԷ նախագահի խորհրդական Անվար Գարգաշը։
Նրա խոսքով՝ պատերազմը չպետք է խաթարի երկրի էներգակիրների արտահանումն ու առևտրատնտեսական գործունեությունը։ Այդ նպատակով ԱՄԷ-ն ընդլայնում է արևելյան ափի նավահանգիստների հզորությունները, ինչպես նաև զարգացնում նավթատար խողովակաշարերը, երկաթուղային և այլընտրանքային առևտրային երթուղիները։
Գարգաշը նշել է, որ ապագայում ԱՄԷ-ի և Իրանի հարաբերությունները կարող են վերականգնվել, սակայն վերջին հարձակումներից հետո վստահության վերականգնումը կարող է տևել տասնամյակներ։
Միաժամանակ նա հայտարարել է, որ Պարսից ծոցի երկրները չպետք է իրենց անվտանգությունն ամբողջությամբ կապեն ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության հետ։ Նման տեսակետ է հայտնել նաև Կատարի ԱԳՆ խոսնակ Մաջեդ ալ-Անսարին՝ ընդգծելով տարածաշրջանի երկրների սեփական պաշտպանական կարողությունների զարգացման կարևորությունը։
Գարգաշը նաև նշել է, որ Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը չպետք է դառնա քաղաքական զիջումների առարկա։ Նրա խոսքով՝ երկարաժամկետ լուծումը պետք է ներառի Պարսից ծոցի արաբական պետությունների նկատմամբ Իրանի հետագա հարձակումներից պաշտպանության երաշխիքներ։







