Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 11-ին Իրաքի հյուսիսում գտնվող Հաֆթանին շրջանում, որտեղ թուրքական զինուժն իրականացնում է «Վագրի ճիրան» ռազմագործողությունը, օդուժի մասնակցությամբ 5 քուրդ զինյալ է սպանվել։
Նախարարության Twitter միկրոբլոգի պաշտոնական էջում արված գրառման մեջ նաև նշվում է, որ թուրքական զինուժը ևս 2 քուրդ զինյալ է սպանել Սիրիայի հյուսիսում, որտեղ մինչ այդ իրականացրել է «Եփրատի վահան» օպերացիան։
Ինչպես տեղեկացնում է Ermeni Haber լրատվական գործակալությունը՝ քուրդ զինյալների դեմ թուրք ուժայինների գործողությունները շարունակվում են ինչպես Թուրքիայի սահմաններից դուրս, այնպես էլ երկրի ներսում։
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ օգոստոսի 11-ին Վանի Չաթաք շրջանում նահանգային ժանդարմերիայի հրամանատարության կողմից իրականցվող օպերացիայի շրջանակում ևս 2 քուրդ զինյալ է սպանվել։
ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ թուրք ուժայինները շարունակում են Վանում գործողությունները։
Նշենք, որ այս ռազմագործողություններն ուղղված են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցություն (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության զինյալների դեմ։