Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սմբատյանը հայ-իսրայելական հարաբերությունների և դրանց զարգացման հեռանկարի մասին հարցազրույց է տվել Իսրայելի «ГЛОБУС» շաբաթաթերթին:
Իր խոսքում դեսպանը նշել է, որ թեև Հայաստանի և Իսրայելի միջև միջպետական հարաբերությունները մեկնարկի փուլում են, դա բնավ չի նշանակում, որ հայերը և հրեաները նոր են ճանաչել միմյանց:
«Ամբողջ աշխարհում ապրող հայերը գիտեն, որ հենց հրեա ժողովրդի ներկայացուցիչները՝ դիվանագետները, իրավաբանները, գրողները սահմանեցին ցեղասպանության հասկացությունը՝ նպաստելով այդ ողբերգության հակաքաղաքակրթային, բարբարոսական էության՝ համայն աշխարհի կողմից ընկալվելուն»,- նշել է Սմբատյանը:
Նրա խոսքով՝ Իսրայելի Պետության յոթ տասնամյակների ներդաշնակ և բարեհաջող զարգացումը կարևոր օրինակ է Հայաստանի Հանրապետության համար: «Ակնհայտ է, որ միջպետական հարաբերությունները մեր երկրների միջև կզարգանան այն պատմական և գործնական ուղղությամբ, որտեղ հայ և հրեա ժողովուրդները գոյատևել են վերջին 2 հազարամյակների ընթացքում, որի ժամանակ կարողացել են հասնել փոխադարձ հարգանքի բարձր մակարդակի, ինչպես նաև լիարժեք ազգամիջյան, կենցաղային և պարզապես մարդկային հարաբերությունների:
Ընդ որում, մեր ժողովուրդները կուտակել և զարգացրել են պատմական փորձը, որը ոչ միայն բավականին տարբերվում է իրարից, այլ նաև համընկնում է շատ ասպեկտներում: Ուզում եմ նշել ողջ պատասխանատվությամբ իմ համոզմունքն առ այն, որ այսօր մեր ժողովուրդները հենց այդպես են վերաբերվում միմյանց և գիտակցում են համատեղ առաջ շարժվելու անհրաժեշտությունը»,- հավելել է ՀՀ դեսպանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Իսրայելի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռևս 1992թ․ ապրիլին, սակայն Իսրայելում ՀՀ առաջին դեսպանը նշանակվել է 2020 թ․ փետրվարի 25-ին՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով։