Ադրբեջանը սխալմամբ իր տարածքում հայտնված հայ զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցել է քրեական գործ՝ 5 տարբեր հոդվածով: Այս մասին համատեղ հայտարարությամբ տեղեկացրել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և ՊԱԾ-ը։
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը այս առթիվ հետևյալ հայտարարությունն է արել․ «Առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են, իսկ ծավալված գործընթացը՝ անորակ ավանդական բեմադրություն։ ՀՀ ՊՆ-ն մշտական կապի մեջ է միջազգային կառույցների հետ և շարունակում է ինտենսիվ աշխատել ստեղծված իրավիճակի շուրջ»։
Հիշեցնենք, որ սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելիս մոլորվել էր և հայտնվել Ադրբեջանի տարածքում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե Ալավերդյանը գերի է ընկել հայկական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձի արդյունքում, մինչդեռ ՀՀ ՊՆ-ն նման հայտարարությունը ապատեղեկատվություն է որակել։