Բեյրութի պայթյունների ֆոնին Լիբանանի կառավարության հրաժարականից հետո ներկայում միաժամանակ տարբեր ուղղություններով ինչպես լիբանանյան, այնպես էլ արտաքին ուժերի կողմից ակտիվ ջանքեր են գործադրվում նոր կառավարության ձևավորման ուղղությամբ։ Այս օրերին այդ երկիր են այցելում աննախադեպ թվով օտարերկրյա պատվիրակություններ տարբեր տարածաշրջաններից և ոչ միայն հումանիտար աջակցության ցուցաբերման օրակարգով։ Զուգահեռաբար, ներքին ներուժով ներքաղաքական ճգնաժամն ինքնուրույն հանգուցալուծելու բարձր մակարդակի մի քանի փորձեր արդեն իսկ ավարտվել են անհաջողությամբ։
Այս համատեքստում, բավականաչափ կարևոր հայտարարությամբ է հանդես եկել երկրի նախկին վարչապետ և նոր կառավարության ղեկավարի ամենահավանական թեկնածուներից Սաադ Հարիրին։ Նա մասնավորապես նշել է, որ բարեկամական երկրների, միջազգային հանրության և Լիբանանի քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններից հետո որոշել է հրաժարվել որևէ պետական պաշտոնից՝ կոչ անելով քաղաքական գործընկերներին նախագահ Միշել Աունի հետ քննարկումներում չհնչեցնել իր անունը։
Հարիրիի հայտարարությունը բավականաչափ կարևոր է միաժամանակ մի քանի հարթությունում։
1. Դրա բովանդակությունից կարելի է դատել, որ լիբանանյան գործընթացներում շահագրգիռ տարածաշրջանային և միջազգային հիմնական դերակատարները ձգտում են նպաստել երկրում գործող քաղաքական համակարգից դուրս նոր կառավարության ձևավորման։ Վերոնշյալը սկզբունքային կարևորություն ունի հատկապես արտաքին համակողմանի աջակցության ներգրավման տեսանկյունից, առանց որի լիբանանյան ճգնաժամի հանգուցալուծումը պարզապես հնարավոր չէ։
2. Հարիրին չի ստացել, հետևաբար չի վայելում նախկին տարածաշրջանային և արտատարածաշրջանային հովանավորների աջակցությունը, ինչն ազդակ է այն կարևոր իրողության, որ հատկապես Լիբանանի սուննիական համայնքը արտաքին թիկունքի լուրջ կարիք ունի։ Ներկայում այս առանցքային թափուր տեղը լրացնելու լուրջ հավակնություններ և հնարավորություններ ունի Թուրքիան՝ ինչպես ինքնուրույն, այնպես էլ Կատարի միջոցով։ Ի դեպ․ այս ուղղությամբ Անկարայի ջանքերն արդեն իսկ ուրվագծվում են։
3. Ս․ Հարիրիի նման քայլը մարտավարական բնույթ է կրում և ընդամենը ժամանակավոր նահանջ է։ Նրա և աջակիցների քաղաքական հաշվարկներում այն համոզմունքն է, որ ներկայում գործադրվող բոլոր ջանքերն ի վերջո հայտնվելու են փակուղում, և որպես քաղաքական ուժերի մեծամասնության շրջանում այլընտրանք չունեցող միակ փոխզիջումային թեկնածու կրկին օրակարգ է դրվելու նրա՝ վարչապետ դառնալու թեկնածությունը։
Արմեն Պետրոսյան
Հ․Գ․ Վերոնշյալի համատեքստում, հերթական անգամ հարկ է հավաստել, որ եթե Լիբանանի նոր կառավարությունը ձևավորվի նախկին տրամաբանությամբ, ապա, անկախ դրա ղեկավարի անձից, ընդունակ չի լինելու լուծել երկրի առջև ծառացած խորքային խնդիրները, և տարածաշրջանի այս կարևոր երկիրը կվերադառնա դեպի անհեռանկարային իներցիոն ընթացքի հերթական շրջափուլ։