Արևմտյան Ամերիկայի hամագաղութային խորհուրդը, շարունակելով իր հանգանակությունները, իրականացրել է թելեթոն՝ ի աջակցություն Բեյրութում տեղի ունեցած պայթյունից տուժած լիբանանահայերի:
«Մեկ ազգ, մեկ ապագա» նշանաբանով անցկացված թելեթոնի ընթացքում հանգանակվել է 1 մլն 375 հազար 555 դոլար:
Լոս Անջելեսում անցկացված թելեթոնի բացման ընթացքում Արամ Ա. Կաթողիկոսն իր երախտագիտական խոսքն է ուղղել ամերիահայությանը, Լիբանանի հայությանն օգնելու համազգային գործում դերակատարում ունեցող կազմակերպություններին:
Երեքուկես ժամ տևած թելեթոնի ընթացքում Արևմտյան Ամերիկայի շրջանի Հայ Դատի հանձնախմբի տնօրեն Արմեն Սահակյանն ու միջոցառման մասնակից մյուս բանախոսները մանրամասնորեն ներկայացրել են լիբանանահայության ապրած տագնապի տարբեր երանգները:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին հզոր պայթյուն էր որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Ականատեսները տեսանկարահանել էին կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի էին ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Զոհերի թիվը գերազանցել է 220-ը, վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 300 լիբանանահայ։