Իրանը չի պատրաստվում իր հարստացված ուրանը դուրս բերել երկրից և հրաժարվում է ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարել, քանի դեռ Վաշինգտոնը քայլեր չի ձեռնարկել Թեհրանի վստահությունը վերականգնելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային՝ Թեհրան այցելած Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ հանդիպման ժամանակ։
Ռեզային հայտարարել է, որ հարստացված միջուկային նյութերը երկրի ազգային հարստությունն են, և դրանք պետք է մնան Իրանում։ Մունիրի հետ հանդիպման ընթացքում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն էլ նշել է, որ ԱՄՆ-ն նախ պետք է վերացնի սպառնալիքներն ու պատժամիջոցները, որից հետո միայն հնարավոր կլինի բանակցություններ սկսել։ Նման դիրքորոշում է հայտնել նաև Իրանի խորհրդարանի նախագահ և գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ Մունիրի այցը կապված է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները վերսկսելու՝ Պակիստանի միջնորդական ջանքերի հետ։ Նշվել է, որ Իրանի պահանջների թվում են տարածաշրջանում հրադադարի հաստատումը, արտասահմանում սառեցված իրանական ակտիվների ապասառեցումը և նավթային ոլորտի նկատմամբ պատժամիջոցների վերացումը:
Հիշեցնենք, որ Իրանի ու ԱՄՆ-ի միջև հունիսին ձեռք էր բերվել ժամանակավոր համաձայնություն, որը պետք է հիմք դառնար հակամարտության կարգավորման համար, սակայն ռազմական գործողությունների վերսկսումից հետո բանակցությունները փակուղի էին մտել։








