Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը կոչ է արել ուժեղացնել Ռուսաստանի նկատմամբ ճնշումը և ապահովել Սև ծովում ազատ նավագնացությունը։ Այս մասին նա հայտարարել է Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ։
Կալասի խոսքով՝ Սև ծովում հարձակումների սրումը մտահոգիչ է։ Նա նշել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքերի՝ ԵՄ անդամ երկրների օդային տարածքում հայտնվելու միջադեպերը և Ռումինիայի ափերի մոտ քաղաքացիական լցանավերի վրա հարձակումները սրում են իրավիճակը։
Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինայի նավահանգստային և գյուղատնտեսական ենթակառուցվածքների վրա պարբերական հարվածների հետևանքով երկիրը օրական շուրջ 60 միլիոն եվրոյի արտահանման եկամուտ է կորցնում։ Կալասի խոսքով՝ այդ գործողությունները խոչընդոտում են հացահատիկի մատակարարումներն Աֆրիկայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրներ։
Ըստ Կալասի՝ Եվրամիությունը նախատեսում է աջակցել Ուկրաինայի արտահանման ուղիներին, ամրապնդել ծովային անվտանգությունն ու պաշտպանությունը և դիվանագիտական ջանքեր գործադրել Սև ծովում ազատ նավագնացությունն ապահովելու համար։
Նա նշել է, որ Ուկրաինան առաջարկել է Սև ծովում հարձակումների վերաբերյալ համաձայնություն ձեռք բերել, սակայն Ռուսաստանը մերժել է այն։ Կալասի խոսքով՝ դիվանագիտական ջանքերը պետք է զուգակցվեն Մոսկվայի նկատմամբ ճնշման շարունակմամբ և Ուկրաինային աջակցությամբ։







