Թուրքիան իր զարմանքն ու անհանգստությունն է հայտնել Կոսովոյի՝ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, ինչպես նաև Կոսովոյի ու Սերբիայի՝ Երուսաղեմում դեսպանություններ ունենալու մտադրության առնչությամբ:
Թուրքիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ շատ հիասթափեցնող է, որ նման քայլը, որը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է, դիտարկվում է նաև Կոսովոյի իշխանությունների կողմից: «Մենք Կոսովոյի ղեկավարությանը կոչ ենք անում հետևել այս բանաձևերին (միջազգային, խմբ.) և ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք վնաս կհասցնեն Երուսաղեմի պատմական և իրավական կարգավիճակին ու հետագայում կխանգարեն այլ պետությունների կողմից Կոսովոյի ճանաչմանը»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Անկարան դատապարտել է նաև Սերբիայի կողմից իր դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու քայլը:
«Մենք խորապես մտահոգված ենք Սերբիայի Հանրապետության՝ Իսրայելում դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու որոշմամբ: Ցանկացած երկրի կողմից Իսրայելում իր դեսպանության տեղափոխումը Երուսաղեմի միջազգային իրավունքի բացահայտ խախտում է: Մենք բոլոր երկրներին կոչ ենք անում պահպանել ՄԱԿ-ի բանաձևերը, հարգել Երուսաղեմի պատմական և իրավական կարգավիճակը, զերծ մնալ գործողություններից, որոնք հետագայում կխոչընդոտեն իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորմանը»,-նշված է Թուրքիայի ԱԳՆ մեկ այլ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին՝ երկու օր տևած բանակցություններից հետո, Կոսովոն ու Սերբիան ստորագրեցին տնտեսական հարաբերությունները բարելավելու մասին պայմանագիր: Պայմանագրով նախատեսված է նաև, որ Իսրայելի և Կոսովոյի միջև դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն, իսկ մեկ այլ կետի համաձայն՝ Սերբիան Իսրայելում իր դեսպանությունը Թել Ավիվից կտեղափոխի Երուսաղեմ:







