Իրանի խորհրդարանի պատգամավորները կոչ են անում դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և խնդիրը լուծել խաղաղ բանակցությունների ճանապարհով: Այս մասին հայտնում է ԻՍՆԱ գործակալությունը
Ազգային շահերի և միջազգային դիվանագիտության հանձնաժողովի ղեկավար Հոսեյն Նոուշաբադին, անդրադառնալով Արցախում ընթացող մարտերին, ընդգծել է, որ Իրանի դիրքորոշումն այն է, որ ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում, և այն պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով:
«Հայաստանը և Ադրբեջանը չպետք է թույլ տան հակամարտությունում օտարների միջամտությունը և հարթակ ստեղծեն անօրինական ուժերի ներկայության համար։ Այս հարցը պահանջում է երկու երկրների զգոնությունը, որպեսզի հակասությունները կարգավորվեն և հիմք չստեղծվի, որ այլ երկրները պղտոր ջրում ձուկ որսան և իրենց շահերը հետապնդեն։ Որոշ երկրներ, որ Արևմտյան Ասիայում ներկայություն էլ չունեն, փորձում են այս հակամարտությունը իրենց շահերին ծառայեցնել, չպետք է թույլ տալ, որ նրանք տարածաշրջան մուտք գործեն։ Մյուս կողմից որոշ ուժեր էլ ցանկանում են այս ճգնաժամի միջոցով և էթնիկ գործոնի շահարկմամբ` իրենց շահերն ապահովել: Սա ևս չպետք է թույլ տալ»,- ասել է Նոուշաբադին:
Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Էբրահիմ Ազիզին ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորման լավագույն ուղին բանակցային սեղանին վերադառնալն է։
«Մենք հավատացած ենք, որ երկու երկրների շահերը հաշվի չառնող երկրները և օտարները շահագրգռված են բախումների շարունակմամբ։ Երկու երկրները պետք է մերժեն իրենց աշխարհագրական սահմաններից դուրս ցանկացած գործողություն և ազդեցություն»,- նշել է նա:
Իրանի խորհրդարանում Քերմանի ներկայացուցիչ Մոհամմադ Մեհդի Զահեդին էլ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ տարածաշրջանում անկայունությունը որևէ մեկի օգտին չէ:
«Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանն ունի մշակութային, քաղաքակրթական, կրոնական ընդհանրություններ։ Երկրի դիվանագիտական ապարատը պետք է ակտիվ լինի և միջնորդություն իրականացնի։ Անկայունությունը տարածաշրջանում որևէ երկրի օգտին չէ»,- ասել է Մոհամմադ Մեհդի Զահեդին: