Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է զեկույց ու արձանագրել, որ ադրբեջանական ուժերը գերեվարել են բազմաթիվ էթնիկ հայ զինվորականների: Ըստ զեկույցի՝ հայ գերիները ենթարկվել են բռնության ու նվաստացման: Այդ մասին վկայում են տեսանյութերը, որոնք հոկտեմբերից լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ կազմակերպությունը հատուկ նշում է արել, որ ադրբեջանական զինված ուժերը հայ գերիների նկատմամբ կիրառել են հարկադրանք՝ ունենալով նրանց նվաստացնելու դիտավորություն:
«Human Rights Watch կազմակերպության հետ հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ադրբեջանական վայրագությունները՝ շեշտելով, որ գերիների վերադարձն ու մարմինների փոխանակումը պահանջում է հրատապ լուծում։
Մենք շարունակում ենք միջազգային մարմիններին ներկայացնել ադրբեջանական զինված ուժերի խոշտանգումներն ու դաժանությունները՝ պատերազմական հանցագործություններ: Նպատակն է ամեն ջանք գործադրել՝ աջակցելու համար գերիների վերադարձի ու զինվորների մարմինների փոխանակման րոպե առաջ կազմակերպմանը» – նշել է Արման Թաթոյանը։