Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերն, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, նշել է, որ Վաշինգտոնը ողջունում է ռազմական գործողությունների դադարեցումը ղարաբաղյան հակամարտության գոտում և խորապես ցավում մարդկային կյանքի կորուստների համար:
«Մենք շարունակում ենք շեշտել, որ այդ երկարատև հակամարտությունը չունի ռազմական լուծում: Գոյություն ունի մարմին՝ Մինսկի խումբն ու համանախագահները, որոնք կոչված են օգնելու երկու կողմերին, այսինքն` Հայաստանին և Ադրբեջանին, գտնել հակամարտության կարգավորումը: Վերջին մոտ 30 տարիների ընթացքում եղել են դեպքեր, երբ մոտ էինք խաղաղության հաստատմանը: Սակայն դա դարձավ պատրանք»,- ընդգծել է Ռիկերը:
Նա կարևորել է Մինսկի խմբի ու համանախագահների դերը վերջին երեք տասնամյակում փխրուն խաղաղության պահպանման հարցում: Նրա կարծիքով՝ դրա շնորհիվ հնարավոր եղավ խուսափել բռնության այնպիսի դրսևորումներից, որոնք գրանցվեցին վերջին շրջանում:
Նա շեշտել է՝ կարգավորմանը պետք է հասնել բանակցությունների սեղանի շուրջ՝ ընդգծելով, որ համանախագահներն այս հարցում լավագույն միջնորդներն են: «Մենք աշխատում ենք մյուս համանախագահ երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ»,-ասել է պետքարտուղարի տեղակալը:
«Դեռ շատ հարցեր ունենք Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի, այստեղ Թուրքիայի դերակատարության մասին: Չափազանց մտահոգված էինք և հայտնել ենք մեր մտահոգությունները Թուրքիայի դերի վերաբերյալ այստեղ տեղափոխված օտարերկրյա զինյալների և տրամադրվող զենք զինամթերքի վերաբերյալ քննարկումներին»,- ընդգծել է Ռիկերը:
Նա հայտնել է, որ այս հարցերը շարունակում են մտահոգել Վաշինգտոնին և գտնվում են Թուրքիայի և Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի երկխոսության օրակարգում: Ռիկերը տեղեկացրել է, որ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը շաբաթվա վերջում նախատեսում է մյուս համանախագահների հետ մեկնել Բաքու և Երևան, ուր կքննարկվեն խաղաղ գործընթացի վերականգնման և դիվանագիտական հարթակ վերադառնալու հարցեր: «Մենք ուշադրությամբ կհետևենք այս գործընթացին և կշարունակենք բարձրացնել այս հարցերը այլ երկրների հետ քննարկումների ժամանակ»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը:
Ռիկերը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը միջոցներ է հատկացնում՝ փորձելով օգնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Նա խոստացել է այս հարցի վերաբերյալ սերտ կապ պահպանել ամերիկացի օրենսդիրների գրասենյակների և Հելսինկյան հանձնաժողովի հետ: