Վրաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Գեորգի Գախարիան, պատասխանելով «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորների հարցերին, նշել է, որ Ժնևյան ձևաչափը պետք է անպայման պահպանվի:
«Մեզ ձեռք չի տալիս բանակցություններ հանուն բանակցությունների, սակայն Ժնևի բանակցությունների ձևաչափը պետք է պահպանվի: Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ բանակցությունների արդյունավետությունն առավելագույնս շոշափելի լինի մեր քաղաքացիների համար»,-ասել է Գախարիան:
Նրա խոսքով, Վրաստանի իշխանությունները խաղադրույքը դնելու են «միջազգային գործընկերների հետ աշխատանքի վրա, որպեսզի խաղաղ բաղադրիչը առավելագույնի հասցնեն՝ համաձայն 2008թ. համաձայնության շրջանակում ստանձնած պարտականությունների:
«Ժնևում մեզ համար առաջին խնդիրը պետք է լինի ապահովել մարդու իրավունքների ապահովումն այն տարածքներում, որոնք չեն գտնվում Թբիլիսիի վերահսկողության տակ»,-ասել է Գախարիան՝ միաժամանակ չբացառելով Ռուսաստանի հետ այլ ձևաչափով բանակցությունները, սակայն շեշտել է, որ դրանք հնարավոր են միայն միջազգային գործընկերների մասնակցությամբ:
Բանակցությունների Ժնևյան ձևաչափը ստեղծվել էր 2008թ. օգոստոսի պատերազմից հետո, որին մասնակցում են պատվիրակություններ Վրաստանից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից, Աբխազիայի և հարավօսեթական կողմի, ԵՄ-ի, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներ: