Միջերկրական ծովի արևելյան ջրերում բացառիկ տնտեսական գոտի հիմնելու մասին Թուրքիայի և Լիբիայի միջև կնքված փոխըմբռնման հուշագիրը աննախադեպ լարվածության պատճառ է դարձել Հունաստանի ու Լիբիայի միջև:
Բանն այն է, որ Թուրքիայի ու Լիբիայի միջև Միջերկրական ծովում փաստացի սահմաններ գծող համաձայնագիրը խախտում է Արևելյան Միջերկրականում մինչ այժմ եղած հավասարակշռությունը (ջրային գոտին, որը 2 երկրները բաժանում են իրար մեջ, հարում է անմիջապես հունական կղզիներին):
Անկարայի ու Տրիպոլիի համաձայնագրի կնքումից հետո Հունաստանը որոշում է կայացրել արտաքսել Աթենքում Լիբիայի արտակարգ և լիազոր դեսպանին: Աթենքը օրեր առաջ Տրիպոլիից պահանջել էր համաձայնագրի տեքստը՝ սպառնալով չտրամադրելու դեպքում արտաքսել Հունաստանում Լիբիայի դեսպանին: Տեքստը չստանալուց հետո Լիբիայի արտակարգ և լիազոր դեսպան Մենֆիին Հունաստանը լքելու համար 72 ժամ է տրվել:
Հունաստանի արտգործնախարար Դենդիասը հայտարարել է, որ այդ համաձայնագիրը միջազգային իրավունքի խախտում է:
«Այս համաձայնագիրը միջազգային ծովային իրավունքի, ինչպես նաև Հունաստանի և այլ երկրների ինքնիշխանության բացահայտ խախտում է, այն ապօրինի է և չի կարող ունենալ իրավական հետևանքներ»,-նշել է նախարարը:
Լիբիայի անընդունելի է համարել իր դեսպանին վտարելու Աթենքի որոշումը: Թուրքական կողմից նույնպես տարբեր պաշտոնյաների շուրթերով քննադատություններ են հնչում Հունաստանի հասցեին:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն քննադատել է Աթենքին Տրիպոլիից պայմանագրի տեքստը պահանջելու համար՝ ասելով, որ Լիբիան ինքնիշխան երկիր է և գլուխ չի խոնարհի այդպիսի սպառնալիքի առջև (նկատի ունի տեքստը չտրամադրելու դեպքում Լիբիայի դեսպանին վտարելու Աթենքի պայմանը):
«Եթե մարդկայնորեն ցանկանային՝ Լիբիան էլ կտար, մենք՝ էլ»,- ասել է Չավուշօղլուն:
Նախօրեին ստեղծված իրավիճակին անդրադարձել է նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ ասելով, որ Թուրքիայի ու Լիբիայի միջև կնքված ծովային պայմանագիրը սպառնալիք չէ այլ երկրների համար:
«Սա երկրների իրավունքների ոտնահարում չէ: Սա 2 ինքնիշխան պետությունների իրավունքների շրջանակներում ստորագրված համաձայնության հուշագիր է»,- ասել է Աքարը՝ միաժամանակ նշելով, որ իրենք շարունակելու են վճռականորեն պաշտպանել «իրենց իրավունքներն ու շահերը Էգեյան ծովում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում ու Կիպրոսում»:
Ավելի ուշ թեմայի վերաբերյալ խոսել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հայտարարելով, որ իրենց կնքած համաձայնագիրը համապատասխանում է միջազգային իրավունքին:
«Սկզբում մենք մեր նավերն ուղարկեցինք Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ինքնահռչակ) կողմից մեզ արտոնված տարածքներ և այդպիսով ի չիք դարձրեցինք դարձրեցինք այնտեղ լարված մեծ թակարդը: Թուրքիայից այդպիսի քայլ չէին սպասում: Հավասարակշռությունները փոխվել են, խուճապ է առաջացել»,- ասել է Էրդողանը: