ԱՄՆ կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը միաձայն և առանց վերապահումների ընդունել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:
Պարզվում է, ամերիկյան «Reality show»-ի հայտնի հայ աստղ Քիմ Քարդաշյանը նախքան բանաձևի ընդունումը ինստագրամի իր էջում խնդրել էր իր բոլոր 153 միլիոն հետևորդներին զանգահարել իրենց նահանգի կամ իրենց ծանոթ սենատորներին, կոչ անել նրանց ընդունել Հայոց Ցեղասպանության մասին բանաձևը, որը սենատ էր բերվել արդեն չորրորդ անգամ:
Քարդաշյանը նաև կոչ է արել հետևորդներին կիսվել իր գրառմամբ՝ բանաձևի ընդունումն անվանելով ցեղասպանության ճանաչման վերջին փուլ:
Հեռուստաաստղը նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատն արդեն բանաձևն ընդունել էր 405 կողմ և 11 դեմ ձայներով: Քարդաշյանը գրառման հետ հրապարակել էր Հայոց Ցեղասպանության հուշահամալիրի՝ Ծիծեռնակաբերդի լուսանկարը: