Վրաստանի իրավապահները երկաթե ցանկապատերով արգելափակել են դեպի Ռիոնի կիրճ ճանապարհը, որտեղ թուրքական ENKA ընկերությունը ցանկանում է ՀԷԿ կառուցել, իսկ իրապահաների ճանապարհը փակել են ՀԷԿ-ի շինարարության դեմ պայքարող քաղաքացիները:
Ռիոնի կիրճի պահապանները հայտարարել են, որ թույլ չեն տա շինտեխնիկան մտնի կիրճ, և նրանց պահանջը չի փոխվել. դադարեցնել ՀԷԿ-ի շինարարությունը, իսկ էկոնոմիկայի նախարարը պետք է հրաժարական տա:
«Մենք շարունակում ենք մեր խաղաղ ցույցերը և այսօր կփորձենք շարժվել դեպի Նամախվանի: Կմոտենանք ցանկապատներին և բաց ձեռքերով իրավապահներին կոչ կանենք, որ մեզ թողնեն անցնենք: Ճանապարհն անօրինական է փակվել, և մենք կփորձենք այսօր խաղաղ շարժվել դեպի Նամախվանի, ինչպես դա արել ենք երեկ: Մեր պահանջներն անփոփոխ են: Ինչ մնում է նախարար Նատիա Տուրնավայի հայտարարությունը, ապա նրա հետ երկխոսությունը սպառված է իր վիրավորական հայտարարությունների պատճառով: Եթե վարչապետը շահագրգիռ է և կգա, մենք պատրաստ ենք նրա հետ խոսել»,-ասել է ակցիայի կազմակերպիչ Վարլամ Գոլետիանին:
Հիշեցնենք, որ արդեն 5 ամիս է, ինչ ցուցարարները պահանջում են չեղարկել Ռիոնի գետի վրա ՀԷԿ-ի շինարարությունը, որը պատկանում է թուրքական «Էնկա» ընկերությանը: Բողոքի ալիքի ֆոնին՝ Վրաստանի իշխանությունները 9-12 ամսով դադարեցրել էին շինարարությունը: Վրաստանում Թուրքիայի դեսպանը բողոքի ակցիաները որակել է «հակաթուրքական և թուրքաֆոբ»: