Թեհրանի Ալամեհ Թաբաթաբայի համալսարանի դասախոս, միջազգային հարաբերությունների հարցերով փորձագետ Էհսան Մովահեդիանը Orbeli.am կայքին տված հարցազրույցում, անդրադառնալով Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Իրանի համար առաջացած մարտահրավերներին, նշել է.
«Ղարաբաղի 44-օրյա պատերազմն Իրանի ազգային շահերին ուշադրության արժանի վնասներ է հասցրել։ Մի կողմից՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Սիրիայից թաքֆիրի ահաբեկիչների տեղափոխումը Ղարաբաղ վտանգել է Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի ազգային անվտանգությունը, և հնարավոր է՝ Ղարաբաղն ու Կովկասը անհայրենք ահաբեկիչների նոր օջախը դառնան։ Կենտրոնական կառավարության բացակայության պատճառով Թուրքիան արդեն նույնն արել է Լիբիայում, և այդ երկիրը դարձրել է խաղահրապարակ իր աջակցած բոլոր տեսակի ահաբեկիչների համար: Այս ահաբեկիչները կարող են հարևան երկրներում, էթնիկական և լեզվական գործոններն օգտագործելով, հուզումներ առաջացնել և վտանգել նրանց ազգային անվտանգությունը։ Թուրքիայի կառավարությունը տարածաշրջան ահաբեկիչներ տեղափոխելուց բացի, ամրապնդել է Ադրբեջանի ռազմական կարողությունն ու սպառազինությունը, սադրել Ադրբեջանի կառավարությանը, այլ երկրների թյուրքախոս քաղաքացիներին և թեժացրել Ղարաբաղի պատերազմը։
Վերջին պատերազմում Ադրբեջանի հաջողված ռազմավարությունը, այսինքն՝ Իրանի սահմանի գծով տեղաշարժն ու ռազմական գործողությունների վարումը, կարող է Ադրբեջանի համար Սյունիքում Հայաստանի տարածքի մի մասի և հատկապես՝ Իրանին սահմանակից շրջանների օկուպացիայի միջոցով Նախիջևանի հետ ցամաքային կապ ապահովելու ռազմավարական քաղաքականության վերածվել։ Ղարաբաղի գրավումից հետո, Ադրբեջանի կառավարությունը, Թուրքիայի հրահրմամբ և աջակցությամբ, երկու հիմնական ուղղություններով՝ Ադրբեջանի և Նախիջևանի տարածքներից կարող է Հայաստանի և Սյունիքի մարզի վրա հարձակվել, որպեսզի Նախիջևանի հետ ցամաքային կապ ապահովի։ Ադրբեջանի, Հայաստանի և Նախիջևանի հետ Իրանի սահմանները տարածաշրջանում Իրանի հիմնական հակառակորդի՝ Թուրքիայի մշակած գործընթացում կարող են վերածվել լարվածության սահմանների և տարածաշրջանային պատերազմի ու ահաբեկչության նոր օջախի: Թուրքիայի և Նախիջևանի միջև ցամաքային սահմանի գոյության պատճառով վարձկան ահաբեկիչները և Իրանին ընդդիմադիր ուժերը ավելի հեշտությամբ կարող են Նախիջևանում ներկայություն ապահովել և գործունեություն ծավալել։ Ղարաբաղի պատերազմի խորամանկ և հնարամիտ քաղաքականություն մշակողները (Իսրայել, Թուրքիա), Իրանի սահմանի երկայնքով շարժվելու մարտավարությունն օգտագործելով, ջանացին Հայաստանի բանակի համար սահմանափակումներ ստեղծել, Իրանի ազարիախոս քաղաքացիներին Հայաստանի դեմ բախմանը հրահրել, ինչը, սակայն, իրանցի զինվորականների զգոնության շնորհիվ տեղի չունեցավ։ Սակայն այս մարտավարության կրկնությունը հավանական է։
Ադրբեջանի հզորացումն ու տարածաշրջանում նրա ռազմական կարողության ամրապնդումը, որի ցուցադրման ականատեսը եղանք Ղարաբաղի պատերազմի ընթացքում, մի գործընթաց է, որը հիշեցնում է 1970-90-ականն թթ․ Իրաքի բաասական իշխանության ռազմատենչ վերելքը։ Այդ տարիներին Սադամի կառավարության լայնամասշտաբ զինումն ու հզորացումը տարածաշրջանում պատերազմի ու ճգնաժամի երկարաժակետ փուլի հանգեցրեց։ Իրանի դեմ Սադամի կառավարության կողմից պատերազմի հրահրումն ու այնուհետև Քուվեյթի օկուպացիան և Սաուդյան Արաբիային սպառնալը տարածաշրջանային և համաշխարհային դերակատարների կողմից Իրաքին կուրորեն զինելու քաղաքականության հետևանքներից կարելի է համարել, և նույնն այժմ իրականացվում է Ադրբեջանի պարագայում՝ Թուրքիայի և Իսրայելի կողմից զինումով։
Մյուս կողմից՝ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի հետևանքներից են նաև Իրանի և Հայաստանի ցամաքային սահմանի կրճատումը, Հյուսիս-Հարավ միջանցքի վերացման հավանականությունը, Իրանից Հայաստան և այնուհետև Եվրոպա էներգիայի փոխադրման և տարանցման գծերի ստեղծման ուղղությամբ խոչընդոտների առաջացման հավանականությունը։ Այս գործընթացն Իրանին կարող է զրկել միլիարդավոր դոլարներրի եկամուտից։ Մյուս կողմից՝ Անկարան Ադրբեջանին հասանելիություն ունենալու համար այլևս Իրանի տարանցիկ ճանապարհի կարիքը չի ունենա։
Պատերազմի անհանգստացնող մյուս հետևանքներից է նաև Իրանի հյուսիսարևմտյան սահմաններին Իսրայելի ամրապնդման հնարավորությունը։ Պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնության ստորագրումից հետո Բաքվում մարդկանց տոնախմբության ժամանակ Ադրբեջանի դրոշի կողքին Թուրքիայի և Իսրայելի դրոշների առկայությունն այս հարցում որոշ դառը իրողությունների ցուցիչն են։ Իրանի հյուսիսարևմտյան սահմաններին մշտական ներկայությամբ Իսրայելը կարող է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի փոխլրացնող ձեռքը լինել և տարածաշրջանի երկրների միջև տարաձայնություններ առաջացնելու քաղաքականությանը հետամուտ լինել։ Իրանի ներքին գործերին միջամտելը, Իսլամական հանրապետությանը վերահսկելու ջանքերը, Իրանում էթնիկական հրահրումներ առաջացնելն Ադրբեջանին աջակցելու Իսրայելի դրդապատճառներից են։ Մյուս կողմից՝ Ադրբեջանում ներկայություն ունենալով, Իսրայելը կարող է ազդել տարածաշրջանի նավթագազային քաղաքականության վրա, ինչպես նաև՝ ջանալու է ռազմաբազա ստեղծել Կասպից ծովի ափին»։