Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Նրա կարծիքով՝ սահմանային կոնֆլիկտի քաղաքական կարգավորման հնարավորությունները սպառված չեն, և անհրաժեշտ է շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափով:
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ ՀԱՊԿ-ը կազմակերպված մշտադիտարկում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, այդ թվում՝ հայկական պետական կառույցների օգնությամբ:
«Իհարկե, մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող այն միջադեպերը, որոնց մասին խոսում եք, սպառնալիք են ներկայացնում ՀԱՊԿ-ի պատասխանատվության Կովկասյան տարածաշրջանի և, իհարկե, նաև կազմակերպության անդամ Հայաստանի անվտանգության համար», – ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, հավելելով, որ այս իրավիճակի քաղաքական կարգավորման հնարավորությունները սպառված չեն, և իրականում դա ամենալավ տարբերակը կլիներ բոլորի համար:
Ստանիսլավ Զասը նշված համատեքստում կարևորել է աշխատանքային այն ձևաչափը, որն ուրվագծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ռուսաստանի միջնորդությամբ: Այդ իսկ պատճառով, ասում է գլխավոր քարտուղարը, ՀԱՊԿ-ի բոլոր գործողությունները բխում են իրավիճակի այդպիսի ընկալումից:
«Մենք լրջորեն անհանգստացած ենք նրանով, որ վերջերս բախումները սահմանին շատացել են և նկատվում է ինտենսիվություն: Դա չի նպաստում նշված աշխատանքները սկսելուն: Եվ բացի այդ, դա դժվարացնում է անկյունաքարային այն պայմանավորվածությունների կատարումը, որոնք ձեռք են բերվել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության դադարեցման և այս տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղիներ փնտրելու վերաբերյալ: Ակնկալում ենք, որ բոլոր կողմերը կհասկանան դա և քայլեր կձեռնարկեն տարաձայնությունները քաղաքական ճանապարհով լուծելու համար», – հավելել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: