Իրանական IRNA լրատավական գործակալությունն Արցախյան 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ վեբինար է անցկացրել, որին մասնակցել են «Կովկասի հետազոտությունների ինստիտուտի» տնօրեն Ջաֆար Խաշեն և ռազմավարական գիտությունների դոկտոր Հոսեյն Սեյֆոդդինին:
Իրանցի փորձագետները համակարծիք են եղել, որ Թուրքիան ու Ադրբեջանը ճնշում են Հայաստանին այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը բացելու համար: Այդ համատեքստում Ջաֆար Խաշեն ընդգծել է, որ սխալ է իրանական դաշտում կիրառել «միջանցք» տերմինը, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսվում է ոչ թե միջանցքի բացում, այլ հաղորդակցական ուղիների ապաշրջափակում: Իրանցի փորձագետներն անթույլատրելի են համարել Հայաստանի և Իրանի միջև կապի խաթարումը՝ միաժամանակ նշելով, որ ադրբեջանաթուրքական ծավալապաշտական գործողություններին դիմակայելու հարցում Թեհրանը կարող է դերակատարում ունենալ:
Վեբինարի ընթացքում Ջաֆար Խաշեն կարծիք է հայտնել, որ առկա սրացումներն ու բախումները Կովկասում ուժերի հավասարակշռությունը խախտման հետևանքն են, և կդադարեն այն ժամանակ, երբ Հայաստանը կամրապնդի իր ռազմական հզորությունը, իսկ Ռուսաստանն ու մյուս դերակատարները կհասնեն իրենց նպատակներին: Փորձագետի դիտարկմամբ՝ Մոսկվայի նպատակն Ադրբեջանի տարածքով Հայաստանին միանալն ու Վրաստանից կախվածությունը վերացնելն է: Նշվել է, որ ՌԴ-ն ցանկանում է այդ հաղորդկացությունն ապահովել Ադրբեջանի և Հայաստանի հարավով, քանի որ այդ տարածքների նկատմամբ նա վերահսկողություն ունի: