Դեկտեմբերի 15-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Այս մասին հաղորդում է ԱԽ գրասենյակը:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի Հանրապետության շուրջ և տարածաշրջանում անվտանգային միջավայրին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Այս համատեքստում քննարկվել են նաև տարածաշրջանային տնտեսական համագործակցության հնարավորությունները, որոնք անվտանգային հավելյալ երաշխիքներ կստեղծեն երկարաժամկետ կայունության և խաղաղության հաստատման համար։
Սալիվանը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը՝ Հայաստանում և Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն, անվտանգություն և բարօրություն հաստատելու հարցում:
«Նա մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև պահպանվող լարվածության առնչությամբ և շեշտել, որ ռազմական տեղաշարժը չդեմարկացված սահմանների մոտ անպատասխանատու և սադրիչ է: Նա ողջունել է երկու կողմերի միջև շարունակվող շփումը և ընդգծել ԱՄՆ հանձնառությունը՝ շարունակել աջակցել վստահություն առաջացնող մեթոդներին ու տարածաշրջանային հաշտեցմանը՝ ինչպես երկկողմ հարաբերությունների մակարդակում, այնպես էլ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր: Պարոն Սալիվանը ողջունել է երեկ տեղի ունեցած հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն՝ քննարկելու կարգավորման գործընթացը»,- ասվում է Սպիտակ Տան տարածած հայտարարության մեջ:
Սպիտակ տնից նշել են նաև, որ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը «Ժողովրդավարության գագաթնաժողով»-ին և վերահաստատել ԱՄՆ աջակցությունը Հայաստանում բարեփոխումների, ժողովրդավարական ինստիտուտների կառուցման և տնտեսական զարգացման հարցում:
Հանդիպման վերջում Արմեն Գրիգորյանը հրավիրել է Ջեյք Սալիվանին այցելել Հայաստան։