Սիրիան դատապարտում է Ռուսաստանի դեմ ուղղված թշնամական դիրքորոշումները՝ նշելով, որ արևմտյան որոշ երկրներ, մասնավորապես Միացյալ Նահանգները հորինել են ուկրաինական ճգնաժամը՝ խաթարելու Ռուսաստանի ազգային անվտանգությունը։ Նմա հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բասսամ Սաբաղը Ուկրաինայի ճգնաժամի շուրջ Գլխավոր ասամբլեայի հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ Սիրիան մշտապես ընդգծել է միջազգային և տարածաշրջանային խնդիրների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ դիվանագիտության և երկխոսության կիրառմամբ, և աջակցել է կայունության և անվտանգության ապահովման բոլոր ջանքերին:
Մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ Կիևի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, ՆԱՏՕ-ի և արևմտյան երկրների բացասական միջամտությունները թշնամական միջավայր են ստեղծում և խաթարում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատմական հարաբերությունները:
Անդրադառնալով Ղրիմում տիրող իրավիճակին՝ Սաբաղը հաստատել է, որ Սիրիայի դիրքորոշումը հիմնված է 2014 թվականի մարտի 16-ին կայացած հանրաքվեի արդյունքների վրա, համաձայն որի՝ քվեարկության մասնակցողների 82%-ը ընտրել են Ռուսաստանի Դաշնության կազմում մնալը:
Նշենք, որ պաշտոնական Դամասկոսը պարբերաբար հայտարարել է, որ աջակցում է Ռուսաստանին: Մասնավորապես Սիրիայի արտգործնախարար Ֆայսալ Միկդադը օրեր առաջ հայտնեց, որ Դամասկոսը աջակցություն է հայտնում Պուտինի՝ Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների ճանաչելու որոշմանը: Բացի այդ՝ Միկդադը երեկ Al-Suria և Al-Ekhbariya ալիքներին տված հարցազրույցում ևս մեկ անգամ հայտարարել է, որ ռուս-սիրիական համագործակցությունը ռազմավարական և շարունակական բնույթ է կրում, իսկ դրա արդյունքները տարբեր ոլորտներում շուտով նկատելի կլինեն: