«Եվրատեսիլ 2016» միջազգային երգի մրցույթի հաղթող Ջամալայի երևանյան առաջին մենահամերգը, որ «Դրիմ փրոջեքթ»-ի նախաձեռնությամբ պետք է կայանար փետրվարի 14-ին, չեղարկվել է: Համերգի չեղարկման մասին լուրը հրապարակվել է «Ֆեյսբուք»-ում երգչուհու պաշտոնական էջում։
Ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանում է տվել «Դրիմ փրոջեքթ»-ի ներկայացուցիչ Հայկ Անդրեասյանը՝ նշելով, որ խնդիրը կապված է Ջամալայի ներկայացուցիչների ուղարկած ադրբեջանական բանկի հաշվեհամարի հետ:
«Ջամալայի ներկայացուցիչները մեզ ուղարկել են ադրբեջանական բանկի հաշվեհամար, չնայած բանկը գտնվում է Լոնդոնում, բայց Բաքվի «Mugan Bank»-ն է: Հայաստանից Ադրբեջան փոխանցում հնարավոր չեղավ իրականացնել։ Խոսեցինք Ջամալայի ներկայացուցիչների հետ, բացատրեցինք իրավիճակը: Առաջարկեցինք մեզ տրամադրեն այլ բանկի հաշվեհամար: Սպասեցինք, որ ուղարկեն նոր հաշվեհամարը այլ բանկից, որը նրանք տրամադրել են 3 օր առաջ: Մենք նոր հաշվեհամարով կազմեցինք պայմանագիրը, ուղարկեցինք, որ հաստատեն: Բայց առանց մեզ պատասխանելու նրանք չեղարկեցին համերգը, որի մասին մենք ինքներս տեսանք Ջամալայի էջում»,-պատմել է Հայկ Անդրեասյանը:
«Դրիմ փրոջեքթ»-ի ներկայացուցիչը հավելել է, որ բոլոր նրանք, ովքեր ձեռք են բերել տոմսերը, կարող են վերադարձնել և վերցնել գումարը: