Երևանում կայացել է Իրանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստը, որին ներկա էին Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նիստի նպատակը երկու երկրների հարաբերությունների իրական զարգացումն է:
Ալի Աքբար Մեհրաբիանը և Մհեր Գրիգորյանը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում առանցքային դեր ունեցող հիմնական հարցեր: Կողմերն ընդգծել են, որ լուրջ են տրամադրված երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցում:
Հանդիպմանը քննարկվել են նաև երկու երկրների միջև առևտրի տարանցման ու փոխադրումների դյուրացման, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր:
Որոշվել է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը հաջորդ շաբաթ էներգետիկայի փոխնախարարի հետ կմեկնի Իրան՝ էներգետիկ ոլորտի հարցերի քննարկման նպատակով։
Նշենք, որ չորեքշաբթի երեկոյան Երևան էին ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար և Իրան-Հայաստան տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նախագահ Ալի Աքբար Մեհրաբիանը և նրա գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը: