68-ամյա Սլավիկ Գալստյանը, որն ընտանիքի հետ ապրում էր Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում (այժմ օկուպացված է Բաքվի կողմից) և տառապում էր հոգեսոցիալական անհարմարվողականությամբ, 2020 թվականի հոկտեմբերին չի ցանկացել լքել իր գյուղը։ Սլավիկի մարմինը հայտնաբերվել է միայն երկու ամիս անց: Այդ մասին ասվում է Amnesty International-ի «Փախչել վերջինը. Բռնագաղթը և տարեցների դեմ պատերազմական հանցագործությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ» վերնագրով զեկույցում, փոխանցում է panorama-ն:
Ինչպես նշվում է իշխանությունների կողմից տրված մահվան վկայականում՝ մահը վրա է հասել կրծքավանդակի, որովայնի և ներքին օրգանների հրազենային վնասվածքներից արյան տրավմատիկ կորստի հետևանքով։ Սլավիկ Գալստյանի որդին՝ Աշոտը, որին դիակի ինքնությունը պարզելու համար կանչել էին դիահերձարան, ասել էր, որ հոր մարմինը խոշտանգված էր՝ չհաշված մահվան պատճառ դարձած վնասվածքները: «Գանգը փշրված էր, կոտրված էին մարմնի բոլոր ոսկորները և նա նման էր մի կտոր մսի»,-ասել էր որդին:
Զեկույցում նշվում է 2020 թվականի աշնանը ադրբեջանի կողմից, իր դաշնակիցների՝ Թուրքիայի, օտարերկրյա ահաբեկիչների և ջիհադիստների անմիջական մասնակցությամբ, պատերազմի ընթացքում ծանր բռնությունների, ներառյալ՝ ռազմական հանցագործությունների մասին, ինչպիսիք են՝ արտադատական գնդակահարությունները, խոշտանգումները և այլ դաժան վերաբերմունքները: Դրանք արել է ադրբեջանական կողմը՝ տարեց էթնիկ հայերի նկատմամբ.
«2020 թվականին ռազմական գործողությունների վերսկսումն առանձնահատուկ ընդգծեց այն լուրջ սպառնալիքները, որոնց ենթարկվում է հայ բնակչության որոշակի խումբը՝ տարեցները։ Սպանված էթնիկ հայերի կեսից ավելին 60 տարեկանից բարձր է եղել։ Ամենատարեցը 89 տարեկան էր։
Բազմաթիվ տարեցներ կալանքի տակ գտնվելու ընթացքում ենթարկվել են խոշտանգումների և այլ դաժան վերաբերմունքի: Շատերը դեռևս անհայտ կորած են համարվում»,-ասվում է զեկույցում:
Զեկույցի նպատակը միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները, ներառյալ ռազմական հանցագործություններն ուսումնասիրելն է, որոնք կատարվել են ադրբեջանական ուժերի կողմից տարեց մարդկանց նկատմամբ 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո։
Ըստ զեկույցի, 72-ամյա Բելլա Հարությունյանն ասել է, որ Հադրութից փախչելու անհրաժեշտությունը հնարավոր չի եղել բացատրել 84-ամյա ամուսնուն՝ Էռնեստին, որը տառապում էր թույլ տկարամտությամբ։ Էռնեստը հրաժարվել է փախչել ընտանիքի մնացած անդամների հետ։ Ադրբեջանական զորքերի՝ Հադրութ մտնելուց որոշ ժամանակ անց Էռնեստը սպանվել է, իսկ նրա անդամահատված մարմինը հայտնաբերվել է միայն մի քանի ամսից հետո։
Amnesty International-ը մեջբերել է Բելլայի խոսքերը. «Նրան սպանել են, մաշկել են ամուսնուս մարմնի այն հատվածները, որտեղ դաջվածքներ են եղել… Ո՞վ կմտածեր, որ այսօր հնարավոր են նման բաներ՝ գլխատումներ, անդամահատումներ»: Որդու խոսքով՝ Էռնեստի ձեռքերից մեկը մարմնից պոկված է եղել։
Հաշմանդամություն չունեցող տարեցներից շատերը նույնպես նախընտրել են մնալ: Ինչպես նշվում է զեկույցում, բոլոր տարեցները խոսում էին իրենց տների և հողի նկատմամբ խորը կապվածության մասին՝ որպես արժեքավոր ակտիվների և եկամտի աղբյուրների, ինչպես նաև իրենց տներին սրտանց կապված լինելու մասին:
«Ես մի քանի անգամ գյուղից տարել էի պապիկիս, բայց ամեն անգամ նա ինքնուրույն ավտոստոպով վերադառնում էր գյուղ: Նա ասել էր, որ կնոջ գերեզմանն այնտեղ է, և ինքը չի ուզում այլ տեղ լինել»,-ասում է մի տղամարդ, որի 90-ամյա պապին հրադադարից հետո ապօրինաբար ձերբակալել են ադրբեջանական ուժերը:
Զեկույցում բերվում են նաև Արցախի օմբուդսմենի տվյալները, ըստ որոնց՝ մարտերի ընթացքում զոհվել է առնվազն 48 տարեց խաղաղ բնակիչ, ինչը կազմում է էթնիկ հայերի շրջանում փաստաթղթավորված քաղաքացիական անձանց մահվան դեպքերի կեսից ավելին։ Նրանցից ոմանք զոհվել են անկանոն գնդակոծության հետևանքով, սակայն առնվազն 30 տարեց ապօրինաբար սպանվել են ադրբեջանական զինուժի կողմից այն բանից հետո, երբ նրանք վերահսկողություն են հաստատել հայկական գյուղերի և քաղաքների վրա։
«Amnesty International-ը կարողացել է հաստատել այս դեպքերից շատերը վկաների և հարազատների ցուցմունքներից, նաև մահվան վկայականներից, որոնք տրվել են Հայաստանի իշխանությունների անցկացրած պաշտոնական դատաբժշկական փորձաքննության արդյունքում, ինչպես նաև սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերից:
Սպանություններից շատերը եղել են արտադատական մահապատիժներ՝ երբեմն գլխատման կամ գնդակահարության միջոցով, իսկ երբեմն էլ, ամենայն հավանականությամբ, նախքան սպանությունը կիրառվել էին խոշտանգումներ կամ այլ դաժան վերաբերմունք: Մի շարք դեպքերում մահացածների մարմիններն անդամահատվել են»,- ասվում է զեկույցում, որին ամբողջությամբ հնարավոր է ծանոթանալ այս հղումով։