Իրանի ժողովուրդն ակնկալում է, որ Թեհրանը կտրուկ արձագանքի և կանխի հայ-իրանական սահմանի փոփոխության Բաքվի ցանկացած փորձ: Նման համոզմունք է հայտնել իրանցի լրագրող, ազգայնական Միրմեհրդադ Միր Մոնսաջերին՝ «Իրանի ներկայությունը Սյունիքում անխուսափելի և պատմական առաջնահերթություն է» վերնագրով հոդվածում:
Ըստ սյունակագրի՝ Բաքուն Սյունիքը օկուպացնելու նկրտումներ ունի, որոնց նպատակն է ուղիղ կապ հաստատել Թուրքիայի հետ:
Այս համատեքստում նա հետևյալ շեշտադրումներն է արել.
«Սյունիքն օկուպացնելու համար Բաքուն իր քարոզչությունում հայտարարում է, թե Սյունիքը (իրենց հորջորջմամբ Զանգեզուրը) Բաքվի մի մասն է եղել, և հիմա պետք է օկուպացնի, որ միանա Թուրքիային:Այս տրամաբանությամբ 1918-1920թթ. քարտեզներում Ղարաբաղն ու Նախիջևանը Հայաստանին էին պատկանում և հիմա պետք է Հայաստանին վերադարձվեն»,- նշել է հեղինակը: