Թեհրանի միջազգային հետազոտությունների ինստիտուտը գիտական էլիտայի (Թեհրանի համալսարան, Ալլամեհ Թաբաթայի համալսարան, Թավրիզի, Գիլանի, Շիրազի, Քերմանշահի Ռազի համալսարաններ), արտաքին քաղաքականության և մասնավորապես՝ Կովկասի հարցերով զբաղվող վերլուծաբանների ու փորձագետների շրջանում Հարավային Կովկասում զարգացումների վերաբերյալ հարցում է անցկացրել: Հարցմանը մասնակցել է 384 հոգի:
Region Monitor-ը ստորև ներկայացնում է հարցման արդյունքները.
- Հարցմանը մասնակցածների 52%-ը Հարավային Կովկասում վերջին լարվածության սրման պատճառ են համարել տարածաշրջանային ակտիվ դերակատարների սադրանքները,
- 31%-ը լարվածության սրման պատճառ է համարել Ուկրաինայում ՌԴ զբաղվածությունը,
- Մնացածը լարվածության սրման պատճառ են համարել կողմերից մեկի կամ երկուսի՝ ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարիմ չմնալը, ինչպես նաև գերտերությունների միջամտությունը:
- Հարցվածների 41 %-ն ընթացող զարգացումները Թուրքիայի օգտին է համարում, 34%-ն՝ Ադրբեջանի,
- 57 %-ը համարում է, որ Թուրքիան ամենաշատ ազդեցությունն ունի Ադրբեջանի արտաքին քաղաքականության վրա,
- 24 %-ը համարում է, որ Իսրայելն ամենաշատ ազդեցությունն ունի Ադրբեջանի արտաքին քաղաքականության վրա,
- 43 %-ը համարում է, որ Հարավային Կովկասն Իրանի համար կարևորվում է աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից, 26 %-ը՝ մշակութային և քաղաքակրթական, 18 %-ը՝ տնտեսական, 13 %-ը՝ քաղաքական, անվտանգային տեսանկյունից:
- 53%-ը Իրանի ռազմավարական և անվտանգային նկատառումերի կարևոր մաս է համարում Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական և սահմանների փոփոխությանը դեմ լինելը, 18%-ը՝ արտատարածաշրջանային դերակատարների ներկայությունը բացառելը, 15 %-ը՝ Իրանի աշխարհատնտեսական շահերի ապահովումը, 14 %-ը՝ անջատողական հրահրումներին դիմակայելը:
- Հարավային Կովկասում Իրանի ռազմավարական շահերի ապահովման համար 57%-ը կարևորել է քաղաքական դիվանգիտությունը, 21 %-ը՝ տնտեսական դիվանագիտությունը, 17 %-ը՝ մշակութային դիվանագիտությունը,
- Հարավային Կովկասում վերջին զարգացումների առնչությամբ Իրանի գործողությունները հարցվածների 43 %-ը որակել է պասիվ չեզոքություն, 31 %-ը՝ բազմակողմ դիվանագիտություն, մնացածը՝ կուլիսային դիվանագիտություն և ակտիվ չեզոքություն,
- 39 %-ը համարում է, որ մինչև այժմ Իրանի դիվանագիտական ապարատի կողմից ձեռնարկված գործողությունների հետևանքով Իրանն ավելի պասիվ է եղել՝ համեմատած մյուս դերակատարների, 36%- ը համարել է, որ Իրանի դիվանագիտական ապարատի գործողությունները Հարավային Կովկասում զարգացումների նկատմամբ ազդեցիկ չեն եղել, 19%-ը կարծում է, որ Իրանն աջակցում է լարվածության կառավարմանը,
- 46 %-ը տարածաշրջանում Իրանի ներկայիս գործելաոճի պատճառ է համարում արտաքին քաղաքականության վրա ազդեցություն ունեցող կառույցների անարդյունավետությունը, 33 %-ը՝ տարածաշրջանային մրցակիցների գերազանցությունը, 11 %-ը՝ պատժամիջոցների ազդեցությունը, 10 %-ը՝ էթնիկ լարվածության հարցում մտահոգությունները,
- 43 %-ը համարում է, որ Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխությանը դիմակայելու համար Իրանի համար պետք է առաջնահերթություն լինի անվտանգային և ռազմական կանխարգելիչ գործողությունների իրականացումը, ըստ 28 %-ի՝ Իրանի համար առաջնահերթություն պետք է լինի Հայաստան-Իրան-ՌԴ եռակողմ համագործակցությունը, մնացած մասը, որպես առաջնահերթություն, մատնանշել է Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը, Ադրբեջանի հետ քաղաքական դիվանագիտությունը: