«Microsoft Azerbaijan» ընկերությունը Ադրբեջանում փակում է իր գրասենյակը։ Ինչպես տեղեկացրել է haqqin.az-ը, այս մասին հայտարարել է ադրբեջանական ինտերնետ-ֆորումի նախագահ Օսման Գյունդուզը։
Նա տեղեկացրել է, որ Ադրբեջանում «Microsoft»-ի ներկայացուցչության ղեկավարը և նրա աշխատակիցների մեծ մասն արդեն դադարեցրել են աշխատանքը։
«Եթե ավելի ճիշտ, ապա նրանց ազատել են։ Մեր բարեկամները, որոնց մենք գիտեինք այդ սեկտորում երկար տարիներ, այլևս չեն աշխատում «Microsoft Azerbaijan»-ում։ Հավանաբար, «Microsoft»-ը այդ աշխատակիցներին այլ երկրների գրասենյակներում աշխատանք չի առաջարկել»,- նշել է փորձագետը։
Փորձագետի խոսքով՝ ոչ ոք «Microsoft»-ի հեռանալը չէր կանխատեսում։ Նա նաև հավելել է, որ «Microsoft»-ի հեռանալն ադրբեջանական շուկայից պետք է անհանգստացնի երկրի բարձր ղեկավարությանը և պատասխան արձագանք առաջացնի։
Ընկերությունը դեռևս չի հրապարակել պաշտոնական տեղեկություն իր ներկայացուցչությունն Ադրբեջանում փակելու մասին։ Չկան նաև մանրամասն տեղեկություններ երկրի շուկայից ընկերության հեռանալու մասին։