Իրանի Վճռաբեկ դատարանը հաստատել է Միացյալ Նահանգների օգտին լրտեսության մեղադրանքով ութ անձի ազատազրկման որոշումը։ Այս մասին հայտնել է «ISNA» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամ Հոսեյն Իսմայիլին:
Մամուլի ասուլիսի ժամանակ Իսմայիլին թվարկել է դատապարտյալների անունները։ Նրանցից վեցը դատապարտվել են վեցից մինչև տասը տարվա ազատազրկման՝ «թշնամական ԱՄՆ-ի կառավարության հետ համագործակցելու» մեղադրանքով: Մեկը մեղադրվել է «ԱՄՆ-ի օգտին լրտեսություն կատարելու մեջ» և դատապարտվել վեց տարվա ազատազրկման։ Եվս մեկը չորս տարվա ազատազրկման է դատապարտվել «Իրանի ոչնչացման նպատակով հանցավոր համաձայնության գալու» մեղադրանքով։
Ղոլյամ Հոսեյն Իսմայիլին ընդգծել է, որ դատապարտյալները կատարել են գործողություններ, որոնք սպառնում են Իրանի ազգային անվտանգությանը:
Հունվարին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել էր, որ Իրանում երկու քաղաքացի ազատազրկման են դատապարտվել՝ ԱՄՆ-ի օգտին տեղեկություններ հավաքելու մեղադրանքով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի առնվազն չորս քաղաքացիներ ձերբակալվել են Իրանում և գտնվում են կալանքի տակ։ Իրավապաշտպան կազմակերպությունները նրանց գերիներ են համարում՝ պնդելով, որ նրանք ազատազրկվել են անհիմն մեղադրանքների և անբավարար դատական քննության արդյունքում։ Իրանի իշխանությունները հերքում են այդ պնդումները։