Իրանի լրատվական դաշտում շարունակում են անդրադառնալ Լաչինի միջանցքի արգելափակման դրդապատճառներին: Ուշագրավ է, որ վերջին շրջանում փորձագետները կիրառում են «Արցախ» անվանումը:
Մասնավորապես, Կովկասի հարցերով փորձագետ Սալար Սեյֆոդդինին Իրանի պետական «ISNA» լրատվամիջոցին տված հարցազրույցում բացառապես օգտագործել է «Արցախ» անվանումը:
Սեյֆոդդինին նշել է, որ Լաչինի միջանցի արգելափակման պատճառներից մեկն Արցախի հանքերի նկատմամբ վերահսկողություն հաստատելու և շահագործելու Բաքվի ցանկությունն է: Ըստ նրա՝ Ադրբեջանն արդեն որոշ հանքեր անգլիացիներին է վաճառել:
Փորձագետի խոսքով՝ Լաչինի միջանցքը փակելու մյուս նպատակը «Զանգեզուրի միջանցքի» բացումն է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իրանի պետական հեռուստաընկերության լրատվական ալիքի եթերում իրանցի փորձագետ Էհսան Մովահեդիանն էր անդրադարձել Լաչինի միջանցքի փակմանը՝ դարձյալ կիրառելով «Արցախ» բառը: