Ներկա իրավիճակում Սիրիայում բարդ իրավիճակ է, որովհետև լուրջ ավերածություններ կան երկրում, փրկարար ծառայությունները փորձում են անել առավելագույնը, որպեսզի փլատակների տակ գտնվող քաղաքացիներին կարողանան հնարավորինս շուտ դուր բերել: Այս մասին «Հայերն այսօր»-ին տված հարցազրույցում նշել է Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանը:
«Բացի այդ, դժվարություններ են ստեղծում նաև եղանակային պայմանները, հատկապես Հալեպում և Լաթաքիայում:
Այս պահին ստույգ ունենք արձանագրված երկու մեր հայրենակիցների մահվան տվյալներ: Նրանք մայր ու որդի են: Ամուսինն ու դուստրը փլատակների տակ էին, լուր ստացանք, որ նրանց հանել են և նրանք վիրահատվում են: Դամասկոսում ՀՀ դեսպանությունը և Հալեպում գլխավոր հյուպատոսությունը ստեղծել են աշխատանքային խմբեր, օպերատիվ շտաբներ, հերթապահություն է իրականացվելու 24 ժամ: Հիմա հավաքագրվում են տվյալներ, թե արդյոք կան տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ»,-ասաց դեսպանը:
Նրա խոսքով, Քամիշլիում և Քեսաբում տուժածների մեջ հայեր չկան:
Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Քահրամանմարաշ նահանգում, որի հետևանքով զոհվել է շուրջ 4 հազար մարդ։ Տուժել են նաև սիրիական Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգները: Այնտեղ, վերջին տվյալներով, զոհվել է 812։