ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից կիրառված պատժամիջոցները վեց ամիս չեն գործելու երկրաշարժի հետևանքների հաղթահարման համար տրամադրվող օգնությունների համար:
Նախարարությունը հայտնել է, որ այս որոշումը գործելու է մինչև 2023 թվականի օգոստոսի 8-ը:
«Մինչ օտարերկրյա դաշնակիցները և հումանիտար ոլորտի գործընկերները համախմբում են ուժերը տուժածներին օգնելու համար, ես ցանկանում եմ հստակեցնել, որ ԱՄՆ պատժամիջոցները Սիրիայում չեն խոչընդոտի սիրիացիների կյանքերը փրկելու ջանքերին»,- ԱՄՆ ֆինանսների նախարարի տեղակալ Ուոլլի Ադեյեմոնի խոսքերը մեջբերում է Al Arabiya-ն:
Նշվել է նաև, որ այս որոշումը չի տարածվում այն գործողությունների վրա, որոնք առնչվում են ԱՄՆ-ում սիրիական նավթի և նավթամթերքի վաճառքին: Բացի դրանից, այն չի վերաբերում այն անձանց, որոնց ունեցվածքն ԱՄՆ իշխանությունները նախկինում դասել են «արգելափակված սեփականության» շարքին:







