Հայաստանի կառավարությունը պետք է ավելի շատ նախաձեռնություններ իրականացնի Քուվեյթի ուղղությամբ: Նման տեսակետ է հայտնել Քուվեյթի առաջատար «Aljarida» թերթի լրագրող, վերլուծաբան Համզա Օլայանը Region Monitor-ի հետ զրույցում:
Համզա Օլայանը գրեթե 60 տարի է, ինչ գործունեություն է ծավալում լրագրության ոլորտում: Նա հարյուրավոր հոդվածների, գիտահետազոտական աշխատանքների, զեկույցների և ուսումնասիրությունների հեղինակ է: Համզա Օլայանը հրապարակել է ավելի քան 20 գիրք՝ այդ թվում «Հայերը Քուվեյթում» աշխատությունը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.
Պարո՛ն Համզա Օլայան, շնորհակալություն հարցազրույցի հրավերն ընդունելու համար: Գրեթե երեք տասնամյակ է, ինչ Հայաստանի և Քուվեյթի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ, և շուրջ մեկ տասնամյակ է, ինչ մեր երկու բարեկամական երկրներում գործում են դեսպանատները: Հիմնվելով պաշտոնական այցերի ժամանակագրության վրա՝ կարող ենք նկատել, որ վերջին շրջանում բարձր մակարդակի այցերը երկուստեք պասիվ են: Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ խորչընդոտներ կան երկկողմ համագործակցության խորացման հարցում:
-Ելնելով Քուվեյթի և Հայաստանի միջև հարաբերությունների վերաբերյալ իմ ուսումնասիրությունից՝ կարող եմ նշել, որ երկկողմ քաղաքական հարաբերությունները զարգանում են մի քանի մակարդակներում՝ այդ թվում նախագահական, նախարարական, խորհրդարանական և դիվանագիտական: Վստահ չեմ, որ բարձր մակարդակի այցեր իրականացնելու ուղղությամբ խոչընդոտներ կան, սակայն կարող եմ նշել, որ Քուվեյթը վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն և հարգում է երկրների անկախությունը: Գուցե Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումները կամ կովկասյան երկրներում ընթացող գործընթացները կարող են բացասաբար անդրադառնալ երկկողմ հարաբերությունների և փոխայցելությունների մակարդակ վրա:
Վերջին շրջանում նկատում ենք, որ երկկողմ համագործակցությունը մեծամասամբ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում է ծավալվում: Այս ամենի վկայությունն է Քուվեյթի հայկական դպրոցում առաջին հայկական ինժեներական լաբորատորիայի (Արմաթի) պաշտոնական բացումը։ Ի՞նչ եք կարծում ո՞ր ոլորտներում կա չիրացված ներուժ: Արդյո՞ք կարող ենք դիտարկել նաև անվտանգային կամ ռազմական ոլորտները:
-Ես այդպես չեմ կարծում: Չիրացված ներուժ եմ տեսնում այլ ոլորտներում ավելի, քան անվտանգային կամ ռազմական ոլորտներն են: Գյուղատնտեսությունը, կրթությունը, մշակույթը, պայմանագրային ընկերություններում համագործակցությունը երկու երկրների միջև հնարավոր համագործակցության օրինակներ են, որոնք կարող են օգուտ բերել երկու երկրների տնտեսություններին:
Ինչպես գիտենք, Քուվեյթում ներքաղաքական կյանքն այնքան էլ կայուն չէ: Քուվեյթի կառավարությունը իր կազմավորումից ընդամենը 3 ամիս անց դարձյալ հրաժարական է ներկայացրել: Ըստ Ձեզ՝ ո՞րն է օրենսդիր և գործադիր մարմինների միջև հակասությունների պատճառը:
– Քուվեյթում տեղի ունեցող զարգացումները ժողովրդավարության արդյունք են և այդ հարցը որևէ ազդեցություն չի կարող ունենալ Քուվեյթի և Հայաստանի միջև հարաբերությունների վրա։
Պարո՛ն Համզա Օլայան, վերջերս կայացել է Ձեր՝ «Հայերը Քուվեյթում» գրքի շնորհանդեսը: Կպատմե՞ք մի փոքր գրքի մասին:
-Սա առաջին գիրքն է, որը ներկայացնում է Քուվեյթի հայերի պատմությունը: Գրքում անդրադարձ է կատարվել հետևյալ թեմաներին.
- Երբ են նրանք Քուվեյթ եկել,
- ի՞նչ մասնագիտություններով են նրանք աշխատում,
- տարիների ընթացքում նրանց թվաքականը,
- նրանց հարաբերությունները Քուվեյթի հասարակության հետ,
- հայոց եկեղեցու պատմությունը 50-ական թվականներից և հայկական դպրոցն ու հայոց լեզուն։
Նշեմ նաև, որ գրել եմ Ծոցի այլ երկրներում բնակվող հայերի մասին:
Բավականին հաջողված համագործակցություն կարող ենք արձանագրել կրթության ոլորտում: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանողները մեկնում են Քուվեյթ՝ մասնակցելու Քուվեյթի համալսարանում արաբերենի վերապատրաստման մեկամյա դասընթացներին: Իսկ վերջերս ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ Բաբտեյն մշակութային հիմնադրամի նախագահ Աբդ Ալ–Ազիզ Սաուդ Ալ–Բաբտեյնին շնորհվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում։ Արդյո՞ք այս համարգործակցությունն ընդլայնվելու միտում ունի: Որքանո՞վ են քուվեյթցի ուսանողները շահագրգիռ ՀՀ-ում ուսում ստանալու տեսանկյունից:
-Սա շատ կարևոր ներուժ է, որը կարելի է զարգացնել։ Կարծում եմ՝ սա պետք է ուսումնասիրի Հայաստանի կրթության նախարարությունը:
Առաջարկում եմ օգտվել Քուվեյթում հայ ուսանողների ներկայությունից՝ խրախուսելով նրանց արաբերեն որոշ գրքեր հայերեն թարգմանել:
Ես հանդիպել եմ այդ ուսանողներից մի քանիսին, և նրանք ներկա են եղել իմ՝ «Հայերը Քուվեյթում» գրքի շնորհանդեսին:
Ինչպես գիտենք, Քուվեյթում բնակվում է 5 հազար հայ: Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն է հայկական համայնքի ազդեցությունը Քուվեյթի թե՛ հասարակական, թե՛ քաղաքական կյանքում:
-Չեմ կարծում, որ ուղղակի ազդեցություն կա: Այնուամենայնիվ, Քուվեյթում բնակվող հայ համայնքի վերաբերյալ հիանալի տպավորություն ունեմ:
Քուվեյթի բնակիչները կհամաձայնեն, որ հայերը ազնիվ են և վստահելի: Նրանք հարգում են օրենքներն ու կանոնակարգերը:
Եվ վերջում, մեր քննարկման թեմաներից զատ կա որևէ՞ հարց, որի մասին կցանկանայինք խոսել կամ անդրադառնալ:
-Իմ առաջարկն այն է, որ Հայաստանի կառավարությունն ավելի շատ նախաձեռնություններ իրականացնի Քուվեյթի հետ կապված, որպեսզի մարդիկ այստեղ ավելի շատ իմանան Հայաստանի և նրա մշակույթի մասին: