«OPEC-ի Միջազգային զարգացման հիմնադրամը» (“The OPEC Fund for International Development” կամ “The OPEC Fund”) հաստատել է ավելի քան 300 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորումը 2023 թվականի առաջին եռամսյակի համար՝ «աջակցելու Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի գործընկերներին իրենց կլիմայական քաղաքականության բարելավման համար»:
The OPEC Fund-ի կայքը տեղեկացնում է, որ Հայաստանին հատկացվելու է 50 միլիոն եվրո վարկ՝ աջակցելու կլիմայի կայունության բարձրացմանը մի շարք բարեփոխումների միջոցով՝ կապված էներգաարդյունավետության, օդի որակի չափանիշների և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումները ֆինանսավորելու համար:
Նշենք, որ The OPEC Fund-ը համաշխարհային մասշտաբով զարգացման միակ հիմնադրամն է, որն անդամ պետություններից ֆինանսավորում է հատկացնում բացառապես ոչ անդամ երկրներին: Հիմնադրամը համագործակցում է զարգացող գործընկեր-երկրների հետ՝ խթանելու տնտեսական աճը և սոցիալական առաջընթացն աշխարհի ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում:
Հիշեցնենք, որ OPEC-ը Նավթ արտահանող երկրների կազմակերպություն է՝ կազմված 14 անդամ-պետություններից: