Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵԽ նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը բարձրացվել է նաև Արցախի հայերի իրավունքների և անվտանգության հարցը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով մայիսի 14-ին կայացած բանակցությունների վերաբերյալ հարցին:
Դեսպանը նշեց, որ ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության հարցը բարձրացվել է:
«Նախկինում մի քանի անգամ ընդգծվել է, որ դա Ստեփանակերտի և պաշտոնական Բաքվի միջև ուղիղ քննարկման առարկա է: Ոչ միայն այս հանդիպման ընթացքում, այլ նաև նախագահ Միշելի մամուլի հաղորդագրության մեջ նշվել է, որ ԼՂ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն»,-ասաց դեսպանը:
Ըստ Վիկտորինի՝ դա նույնպես ենթադրում է առաջիկայում լրացուցիչ քայլեր:
«Կա ընկալում, որ ինչ-որ միջազգային մեխանիզմ է պետք, բայց պետք է աշխատենք այն ձևավորելու ուղղությամբ և բոլոր կողմերի հետ համաձայնեցնենք»,-ասաց նա՝ հավելելով, որ աշխատանք կա անելու: