Սիրիայում պատերազմի մեկնարկից հետո ավելի շատ թվով նորածին երեխաների են լքում՝ թողնելով նրանց մզկիթներում, հիվանդանոցներում, անգամ ձիթենու ծառների տակ՝ երկրում տիրող աղքատության և հուսահատության ֆոնին:
Aljazeera-ն, հղում կատարելով Վաշինգտոնում գործող «Սիրիացիներն՝ արդարության և ճշմարտության համար» կազմակերպության զեկույցին, հայտնում է, որ 2021 թվականի սկզբից մինչև 2022 թվականի վերջը ավելի քան 100 երեխա, որոնցից 62-ը՝ աղջիկներ, հայտնաբերվել են լքված ամբողջ երկրում: Նշվել է, որ իրական թիվը շատ ավելի բարձր է գնահատվում:
Կազմակերպությունը հավելել է, որ հակամարտության մեկնարկից ի վեր այս ցուցանիշը կտրուկ ավելացել է պատերազմի սոցիալական և տնտեսական հետևանքների հետ մեկտեղ, որոնք էլ իրենց հերթին ազդում են ինչպես կառավարության կողմից վերահսկվող, այնպես էլ ապստամբների կողմից վերահսկվող տարածքների վրա: Երեխաներին լքելու ցուցանիշի ավելացմանը նպաստել են այնպիսի գործոններ, ինչպիսիք են աղքատությունը, անապահովությունը, մանկահասակ ամուսնություններն, ինչպես նաև սեռական բռնությունը և արտաամուսնական հղիությունը:
Առողջապահության նախարարության պաշտոնյան ևս հայտնել է, որ վերջին 10 ամիսների ընթացքում կառավարության կողմից վերահսկվող տարածքներում հայտնաբերվել է 53 նորածին՝ 28 տղա և 25 աղջիկ:
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հրամանագիր է ստորագրել երեխաների համար՝ ստեղծել հատուկ հարմարություններ: Երեխաներն ավտոմատ կերպով կգրանցվեն որպես արաբ, սիրիացի և մուսուլման, իսկ նրանց ծննդավայրը կնշվի այն վայրը, որտեղ նրանց գտել են: