Մեկ ամիս շարունակ Արցախն ամբողջությամբ կտրված է հումանիտար հասանելիությունից։ Հունիսի 15-ից սննդի, կենսական նշանակության ապրանքների ներկրումների դիտավորյալ ամբողջական արգելափակումը սպառնում է 120 000 մարդու կյանքին։ Այս մասին Facebook-ում գրառում է կատարել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
«Ադրբեջանը երեկվանից արգելափակել է նաև Կարմիր խաչ միջազգային կոմիտեի կողմից դեպի Արցախ դեղորայքի ներկրումները և բուժառուների փոխադրումները։
Խաղաղապահներն իրենց պահպանման համար ուղղաթիռներով ներկրումներ են անում, այնինչ Արցախի ամբողջ բնակչությունը մատնվում է սովի, իսկ միջազգային դերակատաները հայտարարություններից բացի այլ քայլեր չեն ձեռնարկում։ Միջազգային հանրությունը սպասում է հազարներով մարդիկ մեռնեն, որպեսզի հետո երկերեսանիորեն ափսոսանքներ արտահայտի։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեից պահանջում եմ վառել մարդկանց ցեղասպանվելու վտանգի ահազանգի կարմիր կոճակը։ Դուք դա կարող եք անել։
Իմ ժողովուրդը մատնված է հանցավոր անտարբերության բոլորի կողմից։
Կրկնում եմ՝ Արցախում իրավիճակն օրհասական է»,- գրել է Գեղամ Ստեփանյանը: