Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում մարտի 5-ին կրկին դիմել են սադրիչ գործողությունների: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում այսօր կրկին դիմել են սադրիչ գործողությունների։ Արդեն մի քանի օր է նույն ուղղությամբ ադրբեջանական սահմանապահ ստորաբաժանումները կրակում են մեծ տրամաչափի գնդացիրներից։ ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումները, որպես կանոն դրսևորում են զսպվածություն, սակայն թիրախային կրակոցները անպատասխան չեն մնալու։ Այս սադրանքների և դրանց բոլոր հետևանքների ողջ պատասխանատվությունը մնալու է Ադրբեջանական կողմի վրա»,- ընդգծել է Հովհաննիսյանը։
Մյուս կողմից, ադրբեջանական մամուլում տեղեկություն է հայտնվել առ այն, որ նշված հատվածում ադրբեջանական կողմից սահմանապահ է վիրավորվել, որը հետագայում հիվանդանոցում մահացել է։
Հիշեցնենք, որ մարտի 1–ի գիշերը հակառակորդը կրակ էր բացել Տավուշի Ոսկեպար գյուղի և դիրքերի ուղղությամբ։