Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը դեկտեմբերի 14-ին Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ ունեցած հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիս է տվել:
Ֆիդանը նշել է, որ Բայրամովի հետ անդրադարձել են մի շարք կարևոր հարցերի, որոնք վերաբերում են տարածաշրջանում և Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին: Ապա հավելելով, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում խաղաղության հաստատման համար հնարավորություն է ստեղծվել, ասել է.
«Հավատում ենք, որ այն փուլում, որին հասել ենք այսօր, այդ հնարավորությունն ավելի շատ է ամրապնդվել և այլևս չպետք է բաց թողնվի։ Այդ իսկ պատճառով գոհունակությամբ ենք ընդունում Ադրբեջանի և Հայաստանի միջև մնայուն խաղաղության և սահմանի որոշման պայմանագրերի դրական ընթացքը։ Հարավային Կովկասը, որտեղ գերիշխում են խաղաղությունն ու անդորրը, ի շահ բոլոր խաղացողների է։ Այդ իսկ պատճառով բոլոր կողմերը պետք է ջանք գործադրեն խաղաղության և կարգավորման մթնոլորտի ձևավորման համար»:
Այնուհետև հայկական սփյուռքին մեղադրելով Ադրբեջանի դեմ իրականացվող գործողությունների, մասնավորապես արևմտյան երկրներում հակաադրբեջանական վերաբերմունք սերմանելու մեջ՝ թուրք նախարարը նշել է.
«Ավելի լավ կլինի, որ էներգիա ծախսեն այնպիսի մթնոլորտի ձևավորման համար, որում Հայաստանի ժողովուրդը նորմալ հարաբերություններ կհաստատի հարևանների հետ։
Արտատարածաշրջանային բոլոր դերակատարներն էլ տարածաշրջանի հավասարակշռությունը պահպանող և կարգավորումը խրախուսող քաղաքականություն պիտի վարեն։ Բացի այդ, ողջունում ենք վերջերս կայացված այն որոշումը, ըստ որի՝ երկու երկրների միջև վստահությունը մեծացնող մի շարք քայլեր են արվելու։Ցանկանում ենք, որ նման քայլերը շարունակվեն և բացեն դեպի համապարփակ խաղաղության պայմանագիրը գնացող ճանապարհը։ Մտածում ենք, որ սադրիչ քայլերով գործընթացը վնասել փորձող շրջանակները հիշյալ համաձայնության ուղերձները պիտի ընկալեն»։
Ֆիդանը շեշտել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում ապահովվելիք առաջընթացը դրական կազդի նաև Թուրքիայի և Հայաստանի կարգավորման գործընթացի վրա։
«Առավել քան երբևէ մոտ ենք տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը։ Այս հնարավորությունը լավագույնս գնահատելու համար Ադրբեջանի հետ շարունակելու են անխափան և սերտ համակարգումը»: