«Armenia» ավիաընկերությունը կորոնավիրուսի համաճարակի պատճառով ժամանակավորապես կասեցնում է իր չվերթների գերակշիռ մասը։ Այս մասին «Facebook»-ի իր էջում գրառում է կատարել ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ կորոնավիրուսի տարածման պատճառով ուղևորները զանգվածաբար վերադարձնում են տոմսերը: «Այս պահի դրությամբ վերադարձվել է ավելի քան 1500 ավիատոմս, բոլոր ուղևորներին վերադարձվել են գումարները կամ կատարվել է անվճար օրվա փոփոխություն: «Արմենիա» ավիաընկերության համար առաջնայինն իր թռիչքային անձնակազմի և ուղևորների անվտանգությունն է՝ չնայած կրած ֆինանսական զգալի կորուստներին»,- նշել է Խաչատրյանը:
Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ բոլոր չվերթները չեղարկվում են մինչև ապրիլի 16-ը: Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղությամբ բոլոր չվերթները չեղարկվում են մինչև ապրիլի 9-ը:
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ կորոնավիրով պայմանավորված իրավիճակն աշխարհում կարելի է որպես պանդեմիա բնութագրել։