ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց:
Որոշումը կայացվեց գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը:
«Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում:
Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով կստեղծվի պարետատուն Պարետատան ղեկավարման համար պարետ կնշանակվի փոխվարչապետ Տիգրան Ավինյանինը: Պարետատան կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների, առողջապահության, ֆինանսների, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարները: Պարետատան աշխատանքների սպասարկումը կապահովի վարչապետի աշխատակազմը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը:
Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը: Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը. հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները՝ կրոնական, ծիսական միջոցառումները, համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները, ժամանցային միջոցառումները, տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով` ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումները, պարետի ցուցումով որպես հանրային միջոցառում որակված այլ միջոցառումներ:
Արտակարգ դրության ողջ ընթացքում դադարեցվում է պետական, համայնքային և ոչ պետական հանրակրթական (այդ թվում՝ նախադպրոցական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններումներում, արտադպրոցական դաստիարակություն իրականացնող (մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններ, երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ, ակումբներ, մարզադպրոցներ, առողջարարական ճամբարներ և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպություններ) կազմակերպություններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը, բացառությամբ այն ուսումնական հաստատությունների, որոնք ունեն հեռավար ուսուցման հնարավորության:
Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքներից դուրս վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը հղում կատարելով:
Սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ: Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը: Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: