Իրանի Ղոմ քաղաքում հավաք է անցկացվել՝ ի աջակցություն Ադրբեջանում վերջերս մահացած շիա «Հոսեյնական» Թալեհ Յուսուֆի հիշատակի ոգեկոչման: Այս մասին գրում են իրանական ԶԼՄ-ները:
Հավաքը կրում էր «Ղոմ՝ Ադրբեջանի բանտարկված շիաների ձայնը» խորագիրը: Այն միտված էր նաև աջակցել «Բաքվում դեռևս բանտարկված 5000 կին ու տղամարդ շիաներին»:



Նշենք, որ «Ադրբեջանի դիմադրության շարժումը» (նաև «Հոսեյնականներ» կամ «Հոսեյնչիներ») կրոնական՝ շիայական ուղղվածության խմբավորում է, որին Ադրբեջանը համարում է ահաբեկչական: Խմբավորման նպատակն է Ադրբեջանում վերջ տալ «սիոնիստական ռեժիմի» [խմբ.՝ Իսրայելի] գոյությանը, իսկ Ադրբեջանին վերադարձնել «իսլամական ումմայի գիրկը»:
Խմբավորումը ստեղծվել է Թեհրանի աջակցությամբ, իսկ նրա առաջնորդներն ապրում են Իրանում: Բաքուն պարբերաբար Թեհրանից պահանջել է իրեն հանձնել շարժման անդամներին, սակայն մերժում է ստացել:







