Վրաստանի կառավարությունը խստացնում է կորոնավիրուսի կանխարգելման դեմ պայքարի միջոցները:
Մարտի 20-ից արգելվում է բոլոր առևտրի կետերի աշխատանքը, բացառություն են սնունդ վաճառող խանութները, դեղատները, բենզալցակայանները, փոստային բաժանմունքներն ու բանկերը:
«Ալիքմեդիայի» հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Գիորգի Գախարիան ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո:
Վրաստանի վարչապետն ասել է, որ առևտրի կետերը փակելու որոշում է ընդունվել՝ քաղաքացիների միջև հեռավորության պահպանման ու շփումները նվազագույնի հասցնելու նկատառումներով. «Մենք պետք է առավելագույնս դանդաղեցնենք վարակը տարածելու ընթացքը՝ հնարավորություն տալով բուժսեկտորին՝ վարակի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ գտնել»:
Գախարիայի խոսքով՝ երկրում արտակարգ դրություն հայտարարելու հարցը քննարկվել է, բայց նման որոշում կրկին չի ընդունվել:
«Նման անհրաժեշտություն այսօրվա դրությամբ չկա, բայց պայմանավորվել ենք նախագահի հետ,որ նման որոշում կարող ենք ընդունել ընդամենը ժամերի ընթացքում ու անցնել իրականացմանը: Այդ որոշումը կարող է ընդունվել վաղը, մյուս օրը, երբ բուժաշխատողները հայտարարեն, որ դա անհրաժեշտ է վարակը կանխելու համար», — ասել է Գախարիան:
Նա վստահեցրել է, որ երկիրը պատրաստ է պատվով դիմակայել բոլոր դժվարություններին:
Վրաստանում մարտի 19-ի դրությամբ լաբորատոր հաստատված 40 դեպք կա, վարակվածներից մեկը ապաքինվել է, մահվան դեպքեր չկան: Կարանտինում մնում է 1344 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 216:
Վրաստանը մարտի 18-ից երկու շաբաթով փակել է սահմանները օտարերկրացիների համար:Արգելք է գործում հարևան երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, մասամբ Թուրքիայի հետ քաղաքացիների տեղաշարժերի համար: Բեռնափոխադրումների դեպքում արգելքը չի տարածվում:
Մարտի սկզբից փակ են Վրաստանի բոլոր ուսումնական հաստատությունները, պետական գերատեսչություններն անցել են հեռահար աշխատանքի: Եկեղեցիներում ախտահանման աշխատանքներ են տարվում, չեղարկվել են հոգևոր արարողությունները՝ որոշ տաճարներում: Հատուկ ռեժիմներ են գործում կալանավայրերում, զինվորական կառույցներում:
Բանկերը 3 ամսով երկարաձգել են վարկերի մարումը, զբոսաշրջության ոլորտի հարկատուներին պետությունը 4 ամսով ազատել է հարկերից, հարկային արտոնություններ են սահմանվել մանր ու միջին բիզնեսի համար:
Վրաստանի կառավարությունը խորհուրդ է տվել փակել գեղեցկության սրահները, ժամանցի վայրերը, տոտալիզատորները, ռեստորաններն ու սրճարաններն աշխատում են միայն առաքումով: