Այս տարին կարող է խաղաղության տարի լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև, եթե երկու կողմերն էլ հետագա հավատարիմ և խիզախ քայլեր ձեռնարկեն միմյանց նկատմամբ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Եվրոպան որպես ամբողջություն կուղեկցի Հայաստանին և Ադրբեջանին միմյանց հետ խաղաղություն հաստատելու ճանապարհին, որը կլինի երկարաժամկետ և թույլ կտա երկարաժամկետ լավ համագործակցություն այս երկու, հարևան երկրների միջև»,- շարունակել է Շոլցը:
Գերմանիայի կանցլերն, անդրադառնալով հայ–ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ հարցին, նշել է, որ հարցերի ավելի քան 90 տոկոսը, որոնք խոչընդոտում են վերջնական խաղաղության համաձայնագրին, լուծված են:
«Ես բանակցություններից գիտեմ, որ վերջին տոկոսը երբեմն կարող է շատ դժվար լինել, բայց ես ասում եմ, հիմա ես դրան շատ ավելի հուսով եմ նայում, քան, օրինակ, անցյալ տարի: Մենք միշտ աջակցել ենք դրան և պատրաստ ենք շարունակել դա անել, և երկու կողմից էլ մեզ ընկալում են որպես լավ զրուցակից»,- ասել է Շոլցը:
Շոլցի խոսքով՝ հավակնություն կլինի այն, որ սկզբունքորեն հիմնարար փոխըմբռնումը հնարավոր լինի ձեռք բերել նախքան Ադրբեջանում COP29-ի կայացումը: