Ամերիկյան «Bloomberg» պարբերականն օրեր առաջ հրապարակեց մի հոդված, որտեղ նշվում է, որ Թուրքիան ամիսներ առաջ անդամակցության հայտ է ներկայացրել BRICS-ին (ԲՐԻԿՍ) միանալու համար։ Պարբերականը նշել էր նաև, որ Թուրքիան դիմել է BRICS-ին՝ ԵՄ-ին անդամակցելու համար գործադրած ջանքերի դիմաց առաջընթացի բացակայությունից հիասթափված լինելու պատճառով։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էին, որ Թուրքիան ցանկանում է դառնալ BRICS-ի անդամ։
BRICS-ի հիմնադիր երկրներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանն ու Հարավային Աֆրիկան։ Այժմ կազմակերպությունը ներառում է 9 պետություն՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա, Եգիպտոս, Իրան, Եթովպիա և Արաբական Միացյալ Էմիրություններ։
Թեմային սկսեցին անդրադառնալ նաև թուրքական լրատվամիջոցները: Սակայն այս լուրը նախ հաստատեց ռուսական կողմը։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնեց Անկարայի՝ BRICS-ին լիիրավ անդամակցության հայտ ներկայացնելու մասին և հավելեց, որ հայտը կուսումնասիրեն կազմակերպության անդամ երկրները։ Ըստ ռուսական կողմի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Մոսկվայի հրավերը՝ մասնակցելու Կազանում հոկտեմբերին կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։ Այնուհետև այդ լուրերը հաստատեց Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը, նշելով, որ «գործընթացը շարունակվում է»։
Ինչպե՞ս արձագանքեցին BRICS-ին Թուրքիայի անդամակցության հայտին
Անդամակցության վերաբերյալ առաջին արձագանքը եղավ Եվրամիությունից (ԵՄ)։ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչը հայտարարեց՝ Անկարան իրավունք ունի որոշելու՝ միջազգային որ դաշինքներին միանալ, սակայն Թուրքիան դեռ ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է և պետք է հարգի համայնքի արժեքները։ Այս կապակցությամբ Չինաստանի ատրգործնախարար Մաո Նինգը հայտնեց, որ պաշտոնական Պեկինը պատրաստ է աջակցել ավելի շատ համախոհ գործընկերների մասնակցությանը BRICS-ի համագործակցությանը և BRICS-ի մյուս անդամ երկրների հետ միասին շարունակել կազմակերպության անկեղծ և փոխշահավետ համագործակցության ոգին։
Սակայն ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, վերջինս կարծում է, որ բոլոր երկրները կարող են ընտրել այն երկրներն ու խմբերը, որոնց հետ հարաբերություններ են հաստատել։ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակն «Ամերկայի ձայնի» թուրքական ծառայության հարցին ի պատասխան՝ ասել է․ «Մենք ձեզ ուղղորդում ենք թուրքական կառավարությանը՝ իր ծրագրերի հետ կապված պատասխաններ տալու»։
Անկարայի՝ BRICS-ին անդամակցելու մասին հարցին անդրադարձավ նաև ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ Նա նշել է, որ «այլ մեկնաբանություն չունի, քան այն, որ Թուրքիան շարունակում է մնալ Միացյալ Նահանգների կարևոր դաշնակիցը, որի հետ համագործակցում են տարբեր հարցերի շուրջ»։ Արդյո՞ք այս բլոկում Թուրքիայի հետագա լիիրավ ներգրավվածությունը նոր լարվածության պատճառ կդառնա թուրք-ամերիկյան հարաբերություններում․ ամերիկյան կողմից ստացված ազդանշանները թույլ են տալիս կարծելու, որ ստեղծված իրավիճակն այնքան էլ իրենց սրտով չէ և քանի որ Միացյալ Նահանգների ուշադրության կենտրոնում սպասվող ընտրություններն են, այս հարցը խիստ օրակարգային չի լինի վերջինիս համար։ Իսկ թե Թուրքիան արդյո՞ք կհանդգնի վերջնականորեն անդամ դառնալու, կարծում եմ՝ դա պայմանավորված կլինի, թե Միացյալ Նահանգներն ինչ աստիճանի ճնշում կգործադրի Անկարայի վրա։ Ու քանի դեռ չկա որևէ ազդեցիկ ճնշում Արևմուտքից, Թուրքիան՝ հանձին Էրդողանի՝ վստահ ու հստակ քայլերով առաջ է շարժվելու իր շահերի հետևից։
Հիշեցնենք, որ տարիներ առաջ Թուրքիան, երբ ԱՄՆ-ից և ՌԴ-ից գնեց ռուսական արտադրության 2 միավոր S-400 զենիթահրթիռային համակարգ (Պայմանագիրը ստորագրվել էր 2017թ․ դեկտեմբերի 27-ին, սակայն մատակարարումները տեղի ունեցան 2019թ․ հուլիս-սեպտեմբեր ժամանակահատվածում), որի համար վճարել էր 2․5 մլրդ դոլար, Վաշինգտոնը ոչ միայն պաշտոնապես դուրս թողեց Անկարային F-35 կործանիչների արտադրության ծրագրից, այլև վերջինիս չմատակարարեց 2018թ․ հունիսի 21-ին ստորագրված պայմանագրով նախատեսվող 2 միավոր կործանիչները, որի համար վճարվել էր 1․4 մլրդ դոլար։
Հատկանշական է, որ Միացյալ Նահանգները 5-րդ սերնդի 40 միավոր F-35 կործանիչի վաճառքի համար Հունաստանից պահանջել էր ընդամենը 8․6 մլրդ դոլար, սակայն Թուրքիայից 4-րդ սերնդի 40 միավոր F-16 կործանիչի ու 79 սարքավորումների հավաքածուի վաճառքի գործարքի համար պահանջել է 2․5 անգամ ավելի շատ՝ 23 մլրդ դոլար։ Իհարկե Թուրքիան ԱՄՆ-ին հակադրվելու մեծ գին վճարեց և մինչ այսօր էլ չի կարողանում մարսել դրա հետևանքները։ 2018թ․ սահմանված պատժամիջոցների ծանր հարված հասցրին Թուրքիայի տնտեսությանը, դրա վառ օրինակներից մեկն է թուրքական ազգային արժույթի՝ թուրքական լիրայի մինչ օրս շարունակ-անդադար արժեզրկումը։
Ի՞նչ կտա Թուրքիան BRICS-ին
Թուրքիայում փորձագիտական շրջանակները կարծում են, որ Թուրքիան կարող է կարևոր ոլորտներում իր նպաստն ունենա, եթե միանա BRICS-ին, որի գործունեությանը ուշադիր հետևում և մասնակցում է կարևոր գագաթնաժողովներին։
Բացի այդ, պնդում են, որ Թուրքիայի «ռազմավարական դիրքը», որը գտնվում է Եվրոպայի, Հյուսիսային Աֆրիկայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի կարևոր խաչմերուկում, կավելացնի BRICS-ի աշխարհաքաղաքական նշանակությունը և կամրապնդի վերջինիս ազդեցությունն այս տարածաշրջաններում։
Թուրքիան, հատկապես ենթակառուցվածքների զարգացման իր «փորձառությամբ», կարող է նաև լրացուցիչ դեր խաղալ BRICS-ի ջանքերում` լուծելու ենթակառուցվածքի կարևոր բացերը և հեշտացնել տարածաշրջանների միջև տնտեսական կապերը:
Ի՞նչ կտա BRICS-ը Թուրքիային
BRICS-ի հնարավոր անդամակցությունը կարող է նաև զգալի առավելություններ ապահովել Թուրքիայի համար։ Փորձագետները կարծում են, որ BRICS-ին անդամակցությունը կարող է Թուրքիային ավելի մեծ մուտք և հասանելիություն ապահովել դեպի մեծ ու դինամիկ տնտեսական բլոկ, որը ներառում է աշխարհի խոշորագույն զարգացող շուկաներից մի քանիսը, ինչը կարող է առավելություններ ստեղծել թուրք արտահանողների համար։
Այն, որ Թուրքիան չի կարողանում խոշոր ծավալով իրացնել իր արտադրանքն արևմտյան շուկայում, այս կազմակերպության շնորհիվ Թուրքիան հնարավորություն կունենա դուրս գալ ավելի մեծ շուկաներ և տնտեսական լուրջ օգուտներ քաղել։ Ըստ որոշ հաշվարկների՝ BRICS-ն իր տարածվածությամբ կազմում է համաշխարհային տնտեսության մոտ 40 տոկոսը։
Հեղինակ` թուրքագետ ԷԼԵՆ ՔՈՔՉՅԱՆ