«Լիբանանում տեղի ունեցող ցույցերի գլխավոր պատճառն այդ երկրում գործող պետական կառավարման համակարգի բնույթն է, դրա հետևանքով կուտակված բազմաշերտ խնդիրները»,-այս մասին «RegionMonitor»-ի հետ զրույցում նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ մեկնաբանելով Լիբանանում ստեղծված ներքաղաքական լարվածությունը:
Փորձագետի կարծիքով՝ սկիզբ առնելով որպես կառավարության հարկային քաղաքականության դեմ՝ բողոքի զանգվածային գործողություններն աստիճանաբար տեղափոխվեցին քաղաքական հարթություն՝ պահանջելով կառավարության հրաժարականը, անցումային՝ արհեստավարժների կառավարության ձևավորում, արտահերթ ընտրությունների անցկացում, ապօրինի հարստության դեմ վճռական պայքար, հափշտակված ֆինանսական միջոցների վերադարձ, նոր սահմանադրության ընդունում և այլն: Հետևաբար, իր բնույթով քաղաքացիական շարժման առաջ քաշած պահանջների ամբողջական բավարարման տրամաբանությունը ենթադրում է երկրում գործող քաղաքական, կառավարման համակարգի մասնակի կամ ամբողջական փոփոխություն, ինչը բավական վտանգավոր է Լիբանան պետության կայունության տեսանկյունից:
«Խնդիրն այն է, որ լիբանանյան հասարակությունը բազմաշերտ է՝ կազմված տարբեր էթնոդավանական խմբերից, և այդ՝ համայնքային սկզբունքի հիման վրա էլ ձևավորվել ու արդեն մի քանի տասնամյակ գործում է այդ երկրի կառավարման համակարգը: Եվ միջհամայնքային տարաձայնությունները, դրանց հետևում կանգնած արտաքին դերակատարների շահերն անցյալում մշտապես պատճառ են դարձել Մայրիների երկրում ներքին տևական հակամարտության. թե՛ միջհամայնքային խնդիրները, թե Լիբանանում ազդեցություն ունեցող արտաքին դերակատարների միջև հակասություններն առկա են ցայժմ»,- նշեց փորձագետը, ապա հավելեց՝ ուստի, բնականաբար, նաև երաշխավորված չէ, որ լիբանանյան հասարակության այսօրվա օբյեկտիվ իրավիճակային միասնությունը վաղն այլ՝ նաև արհեստածին խնդիրների ազդեցությամբ չի կարող նոր միջհամայնքային բախման պատճառ դառնալ:
Ըստ Պետրոսյանի՝ Լիբանանում ստեղծվել է բավական բարդ և անորոշ իրավիճակ, նաև իշխանության բոլոր թևերն են ընդունում հասարակության ըմբոստության օբյեկտիվությունը, երկրում ձևավորված խնդրահարույց իրավիճակը, բայցևայնպես, չեն երևում վճռական քայլեր, որոնք կարող են տանել իրավիճակի հանգուցալուծման: Երկրի բարձրագույն իշխանությունը, գործող քաղաքական ուժերը կորցրել են վստահությունը հասարակության մի ստվար հատվածի շրջանում: Իսկ նման պայմաններում կտրուկ քայլերը կա՛մ իշխանության, կա՛մ խաղաղ ցուցարարների կողմից, կարող են հանգեցնել Լիբանանում գործող փխրուն համակարգի փլուզման՝ հղի անկանխատեսելի հետևանքներով: