Իրաքը ցանկություն ունի առաջիկա ամիսներին անվտանգության վերաբերյալ տարածաշրջանային համաժողով անցկացնել, որպեսզի կարգավորի այս ոլորտում ընդհանուր խնդիրները՝ հատկապես Քրդստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) շուրջ ստեղծված իրավիճակը, Թուրքիայի, Իրանի և Սիրիայի հետ: Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետի քաղաքական հարցերով խորհրդական Սաբհան ալ-Մուլլա Ջիյադը։
«ՔԲԿ-ի խնդիրը կապված է Թուրքիայի, Իրանի, Իրաքի, Սիրիայի և նույնիսկ ԱՄՆ-ի հետ, քանի որ ԱՄՆ-ը որոշակի հարաբերություններ ունի SDF-ի ( քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորում) ուժերի հետ։ Այդ պատճառով Իրաքը ցանկանում է, եթե հնարավոր է, առաջիկա ամիսներին անվտանգության վերաբերյալ տարածաշրջանային համաժողով անցկացնել, որպեսզի լուծի առկա խնդիրները Թուրքիայի, Իրանի կամ Սիրիայի հետ»-ասել է նա։
Ջիյադը հիշեցրել է, որ վերջերս Իրաքը ՔԲԿ-ը ճանաչել է որպես արգելված կազմակերպություն, որը պետք է վայր դնի զենքերը և դուրս բերի իր ուժերը Թուրքիայի հետ սահմաններից՝ մինչև խնդիրը ամբողջությամբ լուծումը։
«Թուրքական զինված ուժերի ներկայությունը Իրաքի սահմանին անհանգստացնում է մեր կառավարությանը։ Մենք այդ հարցը լուծելու համար տարբերակներ ենք մշակել Իրաքի և Թուրքիայի միջև՝ անվտանգության շրջանակային համաձայնագրի հիման վրա»,- հավելել է քաղաքական գործիչը։