Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կոչով դիմել է Հայաստանի քաղաքացիներին, հայ ժողովրդին ու նրա բարեկամներին՝ հորդորելով ապրիլի 24-ին «ֆեյսբուք»-ում իրենց լուսանկարները փոխարինել հատուկ այդ նպատակով ստեղծված հուշային շրջանակի մեջ առնված իրենց հարազատների՝ զոհ կամ վերապրող՝ լուսանկարներով, դրա բացակայության պարագայում՝ անուն-ազգանունով, նաև մի փոքր պատմությամբ նրա կամ նրանց մասին։
Թանգարան-ինստիտուտն այս մասին հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Եթե չկան զոհ կամ վերապրող հարազատներ, ապա տեղադրեք Ցեղասպանության զոհ արևմտահայ մտավորականների, հասարակական-քաղաքական գործիչների, ֆիդայիների, շարքային զինվորների ու զորավարների լուսանկարները։ Դրեք արևմտահայության մշակութային ժառանգության գանձերի լուսանկարները, կիսվեք Արևմտյան Հայաստանի ձեզ հասանելի պատկերներով։ Եվ ընդամենը մեկ պարզ գրությամբ՝ ԵՍ ՀԻՇՈՒՄ ԵՄ կամ ԿԸ ՅԻՇԵՄ»:
Վաղուց արդեն Հայոց ցեղասպանությունը դուրս է եկել էթնիկական հիշողության, այն է՝ լոկ հայերի նկատմամբ գործած հանցագործության, զուտ հայկական ողբերգության սահմաններից. այն համամարդկային ողբերգություն է, մարդկության դեմ գործած ամենամեծ չարիքներից մեկը։ Չարիք, որի միջազգային ճանաչման ու դատապարտման, նաև հետևանքների վերացման հարցը արդարության համար պայքարի ծիրում է։
Մեկ դար է անցել 1915-1923 թվականներին մարդկության և քաղաքակրթության դեմ գործած հանցագործությունից, սակայն այդ ոճիրի հետևանքները մինչ օրս իրենց զգացնել են տալիս։ Հայ մարդիկ հիշում են Ցեղասպանության զոհ իրենց պապերին ու տատերին, հիշում են տասնյակներով մղված ինքնապաշտպանական մարտերի հերոսներին, ապրելու իրավունքը պաշտպանելու ելած դիմադրողներին, վերապրողներին՝ որոնք հիմքը դարձան ոչ միայն հայկական Սփյուռքի, այլև Հայաստանի Հանրապետության մերօրյա բնակչության գրեթե կես մասի։ Հիշում են հազարամյակների ընթացքում ստեղծած և ներկայում անտեր ու ավերակ դարձած եկեղեցիներն ու վանքերը, քաղաքներն ու գյուղերը, թաղամասերն ու տները, ծառերն ու մրգերի համուհոտի մասին տատիկների պատմությունները, պարերն ու երգերը, մոռացվող բարբառի քաղցրությունը։ Հիշում են հայ մտավորականության պայծառ ներկայացուցիչներին. գրողներին ու բժիշկներին, լրագրողներին ու արվեստագետներին, ճարտարապետներին ու նկարիչներին, հիշում են բազմահմուտ արհեստավորներին, վաճառականներին ու հողի մշակներին։ Հիշում են որբերին փրկողներին ու միսիոներներին, մեծ հումանիստներին ու բարերարներին։ Հիշում են հպարտությամբ, հիշում են գորովանքով։
Մեկ դար է անցել Ցեղասպանությունից։ Դա հսկայական ժամանակ է։ Փոխվել են ժամանակները. ներկայում Հայաստանի երիտասարդ Հանրապետությունը երեսուն տարեկան է։ Եկել է նաև որոշ իրողություններ վերաիմաստավորելու, վերասահմանելու ժամանակը։ Ցեղասպանության դաժանագույն տարիներին հայ մարդիկ պայքարել են. պայքարել են ոչ միայն զենքով, պայքարել են ոգով։ Հազար-հազարները չեն դավաճանել իրենց կրոնին ու լեզվին, հարազատներին ու բարեկամներին. անգամ եթե հարկադրաբար են փոխել կենսաձևը, առաջին իսկ հարմար առիթի դեպքում հետ են վերադարձել իրենց ակունքներին։ Հազար-հազարները դրա հնարավորությունն ուղղակի չեն ունեցել, սակայն հայկականության ոգին ու հիշողությունն ապրել է նրանց մեջ հետագա ողջ կյանքի ընթացքում։ Մարդիկ մաքառել են, պայքարել են ու հերոսացել ոչ միայն կռվի դաշտում, այլ նաև գոյատևման ամենօրյա պայքարում։ Ծնողները փրկել են զավակներին, փոքրերը՝ մեծերին, հարևանը՝ հարևանին, ծանոթը՝ անծանոթին։ Կիսել են մի կտոր հացը անապատում թե որբանոցում։ Ընտանեկան համերաշխության ու փոխօգնության, դժվարին պահերին միմյանց հասնելու, ձեռք մեկնելու բացառիկ օրինակներ են եղել Ցեղասպանության տարիներին՝ արժանի դրանց մասին վեպեր ու պոեմներ գրելու։
Ուստի մենք պետք է շարունակենք հավուր պատշաճի արժևորել բարոյական ու արժանապատիվ պահվածքի դրսևորումները, ու նաև հարգանքով ու հպարտությամբ հիշենք թե´զոհերին, թե´ դիմադրողներին, թե´ վերապրողներին։