Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Հայաստանում մասնակցում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումին։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Օկամպոն նշել է, որ սիրում է պայքարել հանուն քաղաքակրթության։
«Դուք մենակ չեք։ Դուք աշխարհի այն քիչ համայնքներից եք, որոնք համաշխարհային տարածում ունեք, սփռված եք ամբողջ աշխարհով մեկ։ Շատ գոհ եմ այստեղ լինելու, հանուն քաղաքակրթության համար մղվող պայքարին մասնակցելու համար։ Դուք առաջին հերթին պայքարում եք արդարության և հիշողության համար։ Երբ տեղի են ունենում հանցագործությունները, Հայաստանը ցույց է տալիս, որ կարող է պայքարել հիշողության համար։ Մենք չգիտենք, հնարավո՞ր է որ օրերից մեկ օր Թուրքիան ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, բայց մենք պետք է ներգրավենք Թուրքիային և բացատրենք: Երիտասարդ սերունդը տարբեր է։ Կարծում եմ, որ մենք կարող ենք ներգրավել նրանց և քննարկել։ Նրանք հրաժարվում են դա անվանել Ցեղասպանություն։ Դա այլ քննարկում է»,-ասել է նախկին գլխավոր դատախազը։
Լուիս Մորենո Օկամպոյի բնորոշմամբ՝ հիմա ամենակարևորն այն է, թե ինչ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում, և, մասնավորապես այն, ինչ տեղի է ունենում Բաքվի բանտում գտնվող 23 հայերի հետ։
«Նրանք պատանդներ են, իսկ նրանց պատանդ պահելու ուղերձն այն է, որ, եթե վերադառնաք Լեռնային Ղարաբաղ, ապա հարձակման կենթարկվեք։ Մենք պետք է ինչ-որ բան անենք նրանց համար»,-ընդգծեց Լուիս Մորենո Օկամպոն։
«Լեռնային Ղարաբաղից Հայաստան եկած հայերը ձեր սիրո կարիքն ունեն։ Անհրաժեշտ է սեր տալ նրանց։ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բոլոր իրադարձությունները պարունակում են ցեղասպանության բոլոր մեթոդներն ու ձևերը՝ պայմաններ ստեղծելով ոչնչացնել մարդկանց խմբին․ դա Լաչինի միջանցքի շրջափակումն էր, Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության փախուստի դիմելը, ինչպես նաև հայերին հասցված լուրջ հոգեկան վնասները և այլն։ Այս բոլորը ցեղասպանության հատկանիշներ են։ Բոլոր այս դեպքերում մարդիկ պետք է պաշտպանված լինեն, և նրանց իրավունքները պետք է վերականգնվեն։
Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի հնարավորություն միանշանակ տեսնում եմ։ Դուք չեք կարող անտեսել դա։ Դուք պարտվում եք պայքարում այն օրը, երբ դադարում եք: Դուք պետք է շարունակեք պայքարել: Պարտվում եք այն օրը, երբ դադարում եք պայքարը: Դուք պետք է օգնեք նրանց վերադառնալ իրենց իրավունքների համար պայքարելուն։ Ադրբեջանը ճանաչում է, որ հայերն այնտեղ գտնվելու իրավունք ունեն, անհրաժեշտ է պայքարել նրանց իրավունքների համար»,-եզրափակել է Օկամպոն: