Իսրայելի պաշտպանության բանակը («ՑԱՀԱԼ») Բեյրութում հարվածներ է հասցրել շիական «Հեզբոլլահ» շարժման օբյեկտի վրա, որտեղ պահվում էին բարձր ճշգրտության հրթիռներ։ Այս մասին ասվում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի համատեղ հայտարարության մեջ:
«Վարչապետ Նեթանյահուի և պաշտպանության նախարար Կացի ղեկավարությամբ Իսրայելի պաշտպանության ուժերը հարձակվել են Բեյրութում գտնվող մի օբյեկտի վրա, որտեղ տեղակայված էին «Հեզբոլլահի» բարձր ճշգրտության հրթիռներ, ինչը լուրջ սպառնալիք է ներկայացնում Իսրայել պետության համար…Իսրայելը թույլ չի տա, որ «Հեզբոլլահը» Լիբանանի որևէ վայրում հզորացնի իր կարողությունները»,-նշվում է փաստաթղթում։
Նեթանյահուն և Կացը նշել են, որ «Բեյրութի Դահիյա արվարձանը չի ծառայի որպես «Հեզբոլլահ»-ի կազմակերպության անվտանգ ապաստան»։
«Լիբանանի կառավարությունը կրում է անմիջական պատասխանատվություն նման սպառնալիքները կանխելու համար»,-հավելել են նրանք:
Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը դատապարտել է Բեյրութի հարավային արվարձանում տեղի ունեցած ավիահարվածը՝ պահանջելով, որ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան դադարեցնեն Իսրայելի կողմից հրադադարի խախտումները։








